Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց


Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց
Օգոստոս 19 23:31 2019

Ազգային ժողովի մոտ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով վեց քաղաքացի բերման էր ենթարկվել: Սակայն, մի քանի ժամերի ընթացքում ազատ էին արձակվել: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածներից մեկը վատացել է եւ նրան ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: 

Բերման ենթարկվածը քաղաքացին Գեղամ Ադյանն է, որը եղել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողներից: Նա ArmDay.am-ին ասաց, որ իրեն բերման են ենթարկել Ազգային ժողովի մոտից, երբ փորձել է այլ անձանց հետ փակել Բաղրամյան պողոտան:

«Փորձում էինք Բաղրամյան պողոտան փակել, որովհետեւ թույլ չէին տալիս ԱԺ այգում հանրային քննարկում իրականացնել: Փորձեցինք ճանապարհը փակել, բայց կարմիր բերետավորները մեզ հետ շպրտեցին: Ես երկու-երեք հարված ստացա՝ ոտքերիս ու դեմքիս: Դրանից հետո փորձեցին բերման ենթարկել, բայց չէին կարողանում: Չորս-հինգ բերետավոր ինձ շպրտեցին ոստիկանության գազելը»,- ասաց նա:

Նա նշեց, որ ոստիկանության բաժնում տեւական ժամանակ օգնություն չի ստացել: «Այդ ընթացքում վատ էի, բաժնում մոտ երեսուն րոպե ջուր չէին տալիս, շտապ օգնություն չէին կանչում: Տեսան, որ ավելի եմ վատանում՝ շտապօգնություն  կանչեցին, ջուր տվեցին: Իրենց թվում էր, թե վատ չեմ: Հետո ասում էին ջուր չկա, հիմա կբերենք:  Տեղափոխեցին հիվանդանոց, ախտորոշվեց սրտի արիթմիա: Ես այս խնդիրն ունեի, բայց իրենց արածի հետեւանքով սրացել էր: Երեք ժամ ԲԿ-ում մնալուց հետո, եկա տուն, բայց ցավերս չեն անցել»,- եզրափակեց նա: