13-ամյա հղի աղջնակը երեք օր առաջ կեսարյան հատմամբ տղա է ունեցել Էրեբունի բժշկական կենտրոնում։
«Կեսարյան հատում որոշվեց տարիքից ելնելով և պտղի դիրքի հետ կապված», - պարզաբանեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանը, գրում է Azatutyun.am-ը:
Մարզերից մեկում անչափահաս ու հաշմանդամություն ունեցող աղջնակի հղիության լուրը պայթեց ամիսներ առաջ: «Ազատություն TV»-ն նույնպես անդրադարձավ խնդրին ու սոցիալական աջակցություն ու քաղաքականություն իրականացնող մարմինների անգործությանը:
Ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, տան անդամներից շատերը առողջական խնդիրներ ունեն: Նրանց պնդմամբ, աղջկա հետ կատարվածը սեռական բռնություն էր: Հարուցվել է քրեական գործ:
Փաստաբան Ինեսա Պետրոսյանի խոսքով, կասկածյալների շրջանակ կա, սակայն մեղադրյալներ դեռ չկան․ - «Ընթանում է նախաքննություն: Քննչական կոմիտեն նախաձեռնում է քննչական գործողություններ: Այս պահի դրությամբ նախաքննական մարմինը ունի կասկածյալների որոշակի շրջանակ: Ըստ էության, մեր անչափահաս տուժողը կոնկրետ ցուցմունք է տվել, բայց իրենք որոշում կայացրեցին նշանակել փորձաքննություն»:
Այսօր նաև ԴՆԹ փորձաքննության համար նմուշ է վերցվել նորածնից։ 2 կիլոգրամ 640 գրամ քաշով ու 49 սանտիմետր հասակով նորածինը կեսարյան հատումն իրականացրած բժիշկ Դավիթ Աբովյանի անունն է կրում: Այդպես է ուզել փոքրիկի փոքրիկ մայրիկը։
Նորածնին, սակայն, ոչ ոք չի շտապում տուն տանել: Նրա մայրիկն ինքը խնամքի կարիք ունի․ 13 տարեկան, նոր ծննդաբերած, գումարած ընտանիքի սոցիալական հարցերը:
Մայրը պատմում է, որ դուստրը երեխա ունենալուց հետո անկայուն վիճակում է, առանց այդ էլ խնդիրներ ուներ, հիմա շատ է սրվել․ - «Նորմալ հոգեբան ա պետք էդ էրեխուն: Ամեն ինչից նեղվում ա»:
Այսօր իրենք տուն կգնան, փոքրիկը կմնա ծննդատանը: Հրաժարվել են: «Բայց ժամանակավոր», - արագ վրա է բերում փոքրիկ մայրիկը: Ասում է, երբ կմեծանա, կվերցնի «կուկուին»:
Հեկեկացող ծննդկանի մայրն ասում է, որ կպահեին՝ եթե գոնե կոյուղի ունեցող տուն ունենային, բայց ինքն ի վիճակի չէ, հաշմանդամություն ունեցող աղջիկն ինքը խնամքի կարիք ունի, ինչպե՞ս նորածնին էլ պահի: Այսօր դուրս էին գրվում և տրանսպորտի հարցը սեռական բռնության ճգնաժամային կենտրոնն էր լուծել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում