Արտակարգ դեպք Կոտայքում. Քանաքեռավանի բնակիչը առավոտյան ոչխաների մի մասը վնասված ու հոշոտված է գտել (ֆոտո)


Արտակարգ դեպք Կոտայքում. Քանաքեռավանի բնակիչը առավոտյան ոչխաների մի մասը վնասված ու հոշոտված է գտել (ֆոտո)
Օգոստոս 17 15:45 2019

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ Մուրադ Օզմանյանն առավոտյան ոչխաների մի մասը վնասված ու հոշոտված է գտել, հաղորդում է Shamshyan.com-ը: 

Գյուղացին ոչխարները ոչ թե անասնագոմում է պահում, այլ տնից բավական հեռու ցանցով առանձնացված տարածքում: Երբ է դեպքը տեղի ունեցել, չի կարող ասել, ականատեսներ նույնպես չկան: Չգիտի նաեւ, վայրի շները, թե գայլներն են հոշոտել ոչխաներին: Ընդհանուր առմամբ, 130 ոչխար ունի, 5-ը վնասված են, 15-ը հոշոտված:

Տուժած բնակիչը նշել է, որ վերջին երեք տարում այս գյուղում նման դեպք չէր եղել. «Երեք տարի առաջ են գայլերը ոչխար հոշոտել այն էլ ոչ թե գյուղում, այլ սարի տակին: Ընտանիքի ապրուստի միակ միջոցը անասնապահությունն է: Հինգ անչափահաս երեխաներին դրանով եմ պահում»,-ասել է նա՝ հավելելով, որ անասուններին գրավադրված ոսկու դիմաց ստացած գումարով էր գնել:

Դեպքի մասին նա տեղեկացրել է Քանաքեռավանի գյուղապետին: Գյուղապետարանում կարծում են՝ վայրի շներն են ոչխարներին հոշոտել, իսկ դրանց ոչնչացնելու իրավունք իրենք չունեն: Բնակիչները պատասխանատուների ուշադրությունն են հրավիրում խնդրի վրա, խնդրում են, հարցը լուծել, որ նման դեպքեր այլեւս չկրկնվեն: