ՔՊ-ականները միմյանց դեմ են դուրս եկել. պատճառը Նոյեմբերյանի ավտոկայանի շենքն է (լուսանկարներ)


ՔՊ-ականները միմյանց դեմ են դուրս եկել. պատճառը Նոյեմբերյանի ավտոկայանի շենքն է (լուսանկարներ)
Օգոստոս 15 01:00 2019

Տավուշի մարզի Նոյեմբերյանի ավտոկայանը ՔՊ-ին սատարող երկու քաղաքացու միջեւ կռվախնձոր է դարձել: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ Նոյեմբարյանի բնակիչ, ՔՊ-ական Հայկանուշ Բեգլարյանին «Հայավտոկայան» ՓԲԸ-ի կողմից վարձակալության է տրվել ավտոկայանի վարչական շենքի 24 քմ մակերեսով տարածքը, որի համար նշյալ քաղաքացին յուրաքանչյուր ամիս վճարում է 40 հազար դրամ:

Այս որոշումը որոշ նոյեմբերյանցիների շրջանում դժգոհության առիթ է դարձել: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, քանի որ ըստ բողոքողների վարձակալությամբ է տրվել ավտոկայանի սպասարահը: Բողոքի ակցիաները համակարգում է մեկ այլ ՔՊ-ական՝ Սուրեն Անանյանը:

Լուսանկարում՝ Նոյեմբերյանի ավտոկայանի վարչական շենքն է, որը տրվել է վարձակալությամբ

 

Նոյեմբերյանի ավտոկայանի շուրջ ստեղծված աղմուկի երկու գլխավոր դերակատարներն էլ՝ Սուրեն Անանյանը եւ Հայկանուշ Բեգլարյանը փոխկապակցված են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության հետ: Նրանց ֆեյսբուքյան հրապարակումներից պարզ է դառնում, որ լուսանկարներ ունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, պատգամավոր Սիփան Փաշինյանի եւ այլ բարձրաստիճան ՔՊ-ական պաշտոնյաների հետ: Իսկ ահա Հայկանուշ Բեգլարյանը լուսանկար ունի «Հայավտոկայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանի հետ:

Նիկոլ Փաշինյանը եւ Հայկանուշ Բեգլարյանը

 

Սուրեն Անանյանը մասնակցում է Սիփան Փաշինյանի քարոզարշավին, նկարը հրապարակել է ավելի ուշ

Ի դեպ, Սուրեն Անանյանը եւ Հայկանուշ Բեգլարյանը ՖԲ-ում միմյանց հետ բավականին ջերմ շփումների մեջ են եղել, ջան են ասել, ջան՝լսել:

Սուրեն Անանյանի եւ Հայկանուշ Բեգլարյանի երկխոսությունը՝ մեկնաբանություններում

 

Սուրեն Անանյանը, որը բողոքի ակցիայի նեխաձեռնողներից է ArmDay.am-ին փոխանցեց՝  խնդիրը կայանում է նրանում, որ Նոյեմբերյանի բնակչությունը դժգոհում է, որ այլևս ավտոկայան և սպասասրահ չունեն:

«Մեր պահանջն է, որ ավտոկայանը և սպասասրահը պահպանվի, իսկ թե ով է վարձակալը, դա կարևոր չէ։ Տտեղի է ունեցել ակցիա, ավտոկայանի սպասասրահի լուսամուտներին փակցրել ենք, «Սա ավտոկայան է և վերջ» գրառումներով թղթեր, այնուհետև հաջորդ օրը, մեր իրականացրած ակցիայի թղթերը պոկվել են վարձակալի կողմնակիցների կողմից, մեր նկատմամբ հնչեցնելով որոշ սպառնալիքներ, նույն իսկ օրը երեկոյան Նոյեմբերյանի բնակիչների հետ բողոքի ակցիա ենք իրականացրել ավտոկայանի մոտ։ Մեր տեղեկություններով վարձակալը, Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության անդամ, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար, Հայկանուշ Բեգլարյանն է, ում աջակիցների կողմից փորձ կատարվեց խոչնդոտել մեր ակցիան»,- ասաց Սուրեն Անանյանը:

Սուրեն Անանյանը

Վարձակալ Հայկանուշ Բեգլարյանն էլ ArmDay.am-ի հետ իր դիտարկումներ է ներկայացնում: Ասում է՝ վարձակալել է տարածք, որը տարիներ շարունակ որեւէ մեկի կողմից ուշադրության չի արժանացել, եղել է աղբանոց:

«Ես վերցրել եմ մի հատ հասարակական զուգարան, աղբանոց: Ավտոկայանի ղեկավարությունն է ցանկացել, որ ես դա վարձակալեմ: Այդ տարածքում, թե ինչեր կար՝ թույլ տուր ես չասեմ: Դա չէր ծառայում որպես ավտոկայան, որովհետեւ տարիներ շարունակ չենք ունեցել օրինական երթուղիներ, որոնք պայմանագիր են ունեցել ավոտակայանի հետ»,- ասաց նա:

Հայկանուշ Բեգլարյանն ասում է, որ տարածքի վարձավճարը սկսել է փոխանցել վերանորոգման աշխատանքերի մեկնարկին զուգահեռ: Նա պնդում է, որ տարածքի շուրջ կոնֆլիկտն առաջացել է այն պատճառով, որ ինքը ծնունդով Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից է ու թեեւ երեսուն տարուց ավելի է ապրում է Նոյեմբերյանում, բայց նոյեմբերյանցիները դեմ են, որ այլ համայնքի բնակիչը իրենց համայնքում տարածք վարձակալի:

«Տարածքը վարձակալել եմ հունիսից, նպատակը դեռ չեմ որոշել: Կարողա հանրության համար մի հատ հիանալի բան էի սարքում:  Թե բիզնես էի ուզում, թե մի հատ գրասենյակ էի սարքում, դա իմ հարցն է, կարող ա բարեգործական գործ էի անում: Ես այդ աղբանոցը կապիտալ վերանորոգել եմ, որի տարածքը կազմում է 24 քմ»,- ասաց Հայկանուշ Բեգլարյանը:

Հայկանուշ Բեգլարյանը մեզ նաեւ ասաց, որ նշյալ տարածքը, որը ինքն է արդեն վարձակալել, տարածքի հետ ծրագրեր են ունեցել նաեւ իր դեմ բողոքող Սուրեն Անանյանի բարեկամը:

«Այդ տղան՝ Սուրենը, որը հիմա բողոքում է, իրենք էլ են ցանկացել տիրանալ այդ տարածքին, բայց ոչ վարձակալական: Սուրենի հորեղբոր տղան է ցանկացել վերցնել, նա բարկացել է Սուրենի վրա, ասել է՝ մենք կարող էինք վերցնել: Իրենք ուրիշ նպատակով են ցանկացել զավթել»,- ասում է Հայկանուշ Բեգլարյանը:

Նա չի հերքում, որ ՔՊ-ական է եւ աշխատում է Նոյեմբերյանի ԲԿ-ում, որպես աշխատակազմի ղեկավար: Ասաց, որ ընտրություններին էլ որպես թեկնածու առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքի կողմից: «Ես հեղափոխական մարդ եմ: Նիկոլ Փաշինյանն իմ կողմնակիցը չէր, երբ ես հեղափոխությունների մեջ եմ եղել, որպես ինչ են դա շահարկում: Ես միայն Նոյեմբերյանում 1600 քվե եմ ստացել, թեկնածու եմ եղել «Իմ քայլը» դաշինքից»,- նշեց Հայկանուշ Բեգլարյանը:

Սակայն, չի բացառվում, որ «Հայավտոկայան» ՓԲԸ-ն նշյալ տարածքը վարձակալ Հայկանուշ Բեգլարյանի ձեռքից ետ վերցին՝ փոխհատուցելով նրա ֆինանսական ներդրումները: Այս մասին ArmDay.am-ին ասաց  «Հայավտոկայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը:

«Խնդիրն այն է, որ մենք մի հատվածը տվել ենք վարձակալության, որն անբարեկարգ է եղել: Ավտոկայնների տարածքում ես վարձակալներ եմ ման գալիս, որ մեր եկամուտները շատանան: Ավտոկայանը չի գործել որպես ավտոկայան, հնարավոր է, որ մարդիկ մտել այնտեղ սպասել են, բայց այնտեղ մենք ոչ մի գիծ չենք սպասարկում, մեզ հետ որեւէ պայմանագիր չեն ստորագրել»:

Աշոտ Մնացականյանը միաժամանակ փոխանցեց, որ եթե կա հասարակական պահանջ, որ տարածքը պետք է լինի սպասասրահ, ապա իրենք որոշում կկայացնեն ի օգուտ բնակիչների: Հարցին, եթե մասնավորին արդեն վարձակալության են տվել, վերջինս էլ գումար է ներդրել, վերանորոգել, ինչպես են պատրաստվում պայմանագիրը խզել, Աշոտ Մնացականյանն ասաց. «Կարող ենք խզել պայմանագիրը, բայց կարծում եմ, որ կոնսենսուս կլինի, մենք կփոխհատուցենք այն ծախսը, որը կատարվել է նրա կողմից: Դա կմնա քաղաքացիներին: Ամենայն հավանականությամբ լուծումն այն է լինելու, որ այդ տարածքը հետ ենք վերցնելու»:

Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ Տավուշի մարզի երթուղիները սպասարկող որեւէ ընկերություն պայմանագիր չի կնքել «Հայավտոկայան» ՓԲԸ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի հետ: Նշենք, որ երթուղիները սպասարկող ընկերությունները ավտոկայանի տարածքում կայանելու համար վճարում են օրենքով սահամնաված պետվճարներ, բայց այսքան տարի այս մասով եղել է անօրինականություն: