Միջազգային փորձագիտական խումբը ողջամիտ է գնահատել բնապահպանական ռիսկերի նվազեցման «Լիդիան»-ի քայլերը

Միջազգային փորձագիտական խումբը ողջամիտ է գնահատել բնապահպանական ռիսկերի նվազեցման «Լիդիան»-ի քայլերը
Օգոստոս 14 20:30 2019

Միջազգային փորձագիտական խումբը «Լիդիան Արմենիա»-ի կողմից ներկայացված բնապահպանական ռիսկերի նվազմանն ուղղված մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ և համապատասխան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։

 

«Միևնույն ժամանակ, փորձագիտական խումբն առաջարկել է լրացուցիչ միջոցներ, և եկել այն եզրահանգման, որ եթե նախատեսված մեղմման միջոցները, ինչպես նաև առաջարկվող լրացուցիչ միջոցառումներն իրականացվեն պատշաճ, նախագծված և սահմանված կարգով, ապա շրջակա միջավայրի ջրային ռեսուրսների վրա (ստորգետնյա ջրեր, հիմնական գետեր և աղբյուրներ) բնապահպանական ռիսկերը  կլինեն կառավարելի»,- ընդգծեց Իվանյանը։

 

Ըստ քննիչի՝ առաջարկվող միջոցառումների գերակշիռ մեծամասնությունը «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր նախագծային փաստաթղթերում ներառել է, իսկ այն միջոցառումները, որոնք չի ներառել, պատրաստակամություն է հայտնել դրանք ընդգրկել։

 

Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը լրագրողներին հայտնել էր, որ Ամուլսարի հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան։

 

Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

 

Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ Ծրագրի տարածքի և Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն:

 

«Հինգ հիդրոերկրաբանական միավորներ են առանձնացվել ստորգետնյա ջրերի ուսումնասիրության տարածքում (ՍՋՈւՏ), որը պատշաճ կերպով է սահմանված: Սահմանային գետերի կառուցվածքային հսկողությունը ապահովում է, որպեսզի ՍՋՈւՏ-ից հոսքը և տեղափոխման ուղիները չհատեն այս հիդրավլիկ սահմանները: Շարունակական հոսքի մոնիթորինգի կայանները, որոնք ստեղծվել են Ծրագրի շրջանակներում Արփա, Դարբ և Որոտան գետերի վրա, ընդհանուր առմամբ բավարար են», - ասված է եզրակացությունում:

loading...