Սիրիայում անվտանգության գոտու վերաբերյալ թուրք-ամերիկյան համաձայնության երկկողմ նպատակները


Սիրիայում անվտանգության գոտու վերաբերյալ թուրք-ամերիկյան համաձայնության երկկողմ նպատակները
Օգոստոս 14 18:35 2019

 Թուրք-ամերիկյան համաձայնությունը չի լուծում Օգոստոսի 11-ին մուսուլմանական կարևորագույն տոներից մեկի՝ Զոհաբերության տոնի (Իդ ալ-Ադհա) առթիվ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանիհղած շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվել է, որ օգոստոսըԹուրքիայի պատմության ընթացքում մշտապես հաղթանակների ամիս է եղել։ Ապա թվարկվել են տարբեր ժամանակներում արձանագրված մի քանի հաղթանակներ, ինչպես նաև՝  2016թ․Սիրիայում նաևքրդականխմբավորումների դեմ իրականացված «Եփրատի վահան» ռազմագործողությունը, որի շնորհիվ «հաջողվեց խոչընդոտել թուրքական սահմանի հարևանությամբ ահաբեկչական միջանցքի ստեղծմանը․․․Ալլահի կամքով՝ այս օգոստոսին ևս մեկ օղակ կավելացնենք մեր հաղթանակների շղթային»,- նշվել է Էրդողանի ուղերձում։

Թուրքիայի նախագահի կողմից խոստացված հերթական հաղթանակը, վստահաբար, վերաբերում է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ մասնավորապես Եփրատ գետից արևելք գտնվող հիմնականում քրդաբնակ շրջաններում այնքան շահարկված ռազմագործողության մեկնարկին։ Մինչդեռ ուշագրավ է, որ նոր հաղթանակի վերաբերյալ Էրդողանի խոստումը հաջորդել է դրանից ընդամենը օրեր առաջ՝  օգոստոսի 5-7-ին, Անկարայում տեղի ունեցած ամերիկյան և թուրքական զինվորական պատվիրակությունների հանդիպմանը՝ Սիրիայի վերոնշյալ հատվածում անվտանգության գոտու ստեղծման աշխատանքների համակարգման հարցով: Բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել էին՝

  1. Անհապաղ կերպով նախաձեռնել առաջնային միջոցառումներ՝ միտված Թուրքիայի անվտանգային մտահոգությունների վերացմանը,
  2. Հնարավորինս շտապ Թուրքիայում ձևավորել «Համատեղ գործողությունների կենտրոն», որը պետք է զբաղվի անվտանգության գոտու ստեղծման աշխատանքների համակարգմամբ և ղեկավարմամբ:
  3. Անվտանգության գոտին պետք է դառնա «խաղաղության միջանցք», և պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ միտված տեղահանված սիրիացիներին իրենց հայրենիք վերադարձնելուն:

Նշված ձևակերպումներից ակնհայտորեն երևում է, որ դրանք վերաբերում են ոչ թե բուն անվտանգության գոտու ստեղծման գործողությանը, այլ ընդամենը դրա մեխանիզմներին․ ի դեպ, այդ մասին նշել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ թուրք-ամերիկյան հանդիպման կարևորությունը գնահատող թվիթերյան գրառման մեջ։ Այսպես, դեռևս 2013թ․ Անկարայի կողմից օրակարգ բերված անվտանգության գոտու ձևավորման խնդրի շրջանակում բանակցող կողմերն այդպես էլ չեն հստակեցվել ամենառանցքային տեխնիկական «մանրուքները»՝ ինչ ժամանակային սահմաններում և ինչ մակերեսով է ձևավորվելու գոտին,որ ուժերն են այն վերահսկելու։ Սեական անվտանգային խնդիրների լուծման նպատակով Անկարանմշտապես պնդել է 30-40 կմ խորության, 460 կմ երկայնքով և սեփական ուժերով գոտին վերահսկելու պայմանը, մինչդեռ, ըստամերիկյան կողմի՝15 կմ խորությամբ 140 կմ երկարությամբ տարածքն էլ բավարար է՝ բազմակողմ վերահսկողության մեխանիզմի ներդրմամբ: Հատկանշական է նաև, որ Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե Դամասկոսը կտրականապես մերժում է ՍԱՀ տարածքում անվտանգության գոտի ձևավորելու վերաբերյալ ԱՄՆ-ի և Թուրքիայի ցանկացած պայմանավորվածություն։

Հարկ է հիշեցնել, որ Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանները վերահսկում է ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող «Սիրիական դեմոկրատական ուժեր»(SDF) կոչված բազմազգ կազմավորումը, որի առանցքում են Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներն»(YPG, PKK-ի սիրիական ճյուղավորման՝ PYD-ի ռազմական թևը)․ հենց այս կառույցն է հանդիսանում Սիրիայի տարածքում Վաշինգտոնի առանցքային ցամաքային դաշնակիցը։ Անգամ Անկարայի վերոնշյալ հանդիպումից հետո էլ թուրքական կողմը շարունակում է սպառնալ YPG-ի դեմ ինքնուրույն ռազմական գործողություն սկսելու և անվտանգության գոտին միայնակ ստեղծելու հարցում, իսկ ԱՄՆ-ն շարունակում է ռազմական մատակարարումները նույն կառույցին։

Վերոնշյալի համատեքստում կարելի է եզրակացնել, որ թուրք-ամերիկյան խնդրաբույլի հերթական կարևոր բաղադրիչը (ցայժմ, օրինակ, Անկարայի կողմից ռուսական С-400 ԶՀՀ-ների ձեռքբերման, F-35 ռազմական ինքնաթիռների ծրագրիհարցերը և այլն) մտնում է անորոշարդյունքներով քաղաքական սակարկությունների շրջափուլ, որը, չնայած թուրքական կողմի հակառակ հավաստիացումներին, կարող է նաև տևական լինել, անգամ մաս կազմել այլ խնդիրների հանգուցալուծման համընդհանուր գործընթացի։ Ասել է, թե, դեռևս պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդամենը անվտանգության գոտու ձևավորման մեխանիզմների, այլ ոչ, բնավ, բուն ձևավորման գործընթացի վերաբերյալ։ Ի դեպ, վերոնշյալը եզակի դեպք չէ Սիրիայում թուրք-ամերիկյան ռազմական համագործակցության համատեքստում։ Օրինակ, դեռևս 2016թ․կողմերի միջև համաձայնություն էր ձեռք բերվել Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիս-արևելյան Մանբիջ շրջանի, այսպես կոչված, ճանապարհային քարտեզի իրականացման հարցում, որը ենթադրում էր համատեղ պարեկային գործունեություն՝ հետագայում միայն թուրքական կողմին թողնելու պայմանավորվածությամբ, ինչը փաստացի ցայժմ չի իրականացվել։ Ի դեպ, Մանբիջի պատմության կրկնության հնարավորությունն Անկարայի համաձայնությունից հետո անմիջապես շտապել է բացառել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

 

Ինչ վերաբերում է համաձայնության հետ կապված կողմերի նպատակներին, ապաՎաշինգտոնի մարտավարությունից կարելի է եզրակացնելառավելապես ժամանակ շահելու տրամաբանության մասին։ Ի վերջո, ստեղծված իրավիճակում անգամ անորոշ պայմաններով համաձայնությունն ավելի ընդունելի է, քան Թուրքիայի հետ ավելի լուրջ առճակատումը։ Իսկ դրա հնարավորությունը բավական մեծ է, քանի որ Անկարան վերջին շրջանում և՛ հնարավոր ամենաբարձր մակարդակի հռետորաբանությամբ, և՛ ռազմական մանևրների տեսքով ակնարկում էր Սիրիայի հյուսիս-արևելքում անհետաձգելի կերպով հերթականինքնուրույն «հակաահաբեկչական գործողությունը»նախաձեռնելու մասին։ Ուստի, վերոնշյալի համատեքստում զարգացումների հետագա ընթացքը մեծապես պայմանավորված է Վաշինգտոնի ռազմաքաղաքական ծրագրերից, այլ խնդիրների առնչությամբ Անկարայից ունեցած ակնկալիքներից՝ մասնավորապես՝ արդյո՞ք ամերիկյան կողմը նպատակադրված է ամբողջությամբ դուրս գալ Սիրիայից,  ցանկանո՞ւմ է պահպանել դաշնակցային հարաբերությունները քրդերի հետ, կկարողանա՞ պայմանավորվել եվրոպական գործընկերների հետ՝ նրանց ԶՈւ-ի միջոցով անվտանգության գոտին վերահսկելու հարցում և այլն։ Իսկ ցայժմ թվարկված որևէ ուղղությամբ դեռևս հստակ որոշումներ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ չեն նշմարվում։Թերևս այս տրամաբանության օգտին է խոսում նաև С-400 ԶՀՀ-ների գործարքի հետ կապված Սպիտակ տան համեմատաբար մեղմ հակաքայլերն Անկարայի նկատմամբ՝ իրավիճակն ավելի չսրելու և երկխոսության ու սակարկությունների առավել լայն դաշտ թողնելու առումով։

Թուրքիայի տեսանկյունից զարգացումների նման ընթացքը, որը նախորդել էր սեփական ԶՈւ-ի կողմից թուրք-սահմանին իրականացված ռազմական մանևրներին՝ զուգորդված Թուրքիայի ղեկավարության կոշտ հռետորաբանությամբ, բացի ուռճացված անվտանգային նշանակությունից, կարևոր է նախ Ռուսաստանի հետ վերոնշյալ գործարքի հետ կապված ամերիկյան կողմի առավել լուրջ հակաքայլերը սահմանափակելու առոմով, ինչը փաստացի հաջողվեց։ Բացի այդ ստեղծված իրավիճակը հավելյալ խաղաքարտեր է տալիս Թուրքիային՝ Աստանայի ձևաչափի գործընկերների՝ Ռուսաստանի և Իրանի հետ նաև Սիրիայում ծավալվող համագործակցության հարթությունում, որտեղ վերջին շրջանում, հատկապես Իդլիբի խնդրով պայմանավորված, հարբերություններն այնքան էլ հարթ չեն։  Բացի վերոնշյալից, նման «հաղթանակները» Թուրքիաում իշխող քաղաքական վերնախավի համար հատկապես կարևոր են ներքաղաքական գործընթացների տեսանկյունից։ Մասնավորապես, երկրում սրված սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում, ՏԻՄ ընտրությունների արդյունքներով խոշոր քաղաքներում կրած պարտությունից հետո, ակնկալվող նոր ընդդիմադիր քաղաքական ուժերի ձևավորման գործընթացի համատեքստում Ռ․Թ․ Էրդողանին և նրա գլխավորած կուսակցությանը խիստ անհրաժեշտ են տարբեր ծավալի և բնույթի ձեռքբերումները, ինչպիսին, օրինակ, կարող է լինել քրդերի դեմ կամ ԱՄՆ-ի հետ բանակցություններում որոշակի հաջողությունները։

Ամփոփելով կարելի է  նշել, որ առաջիկայում սպասվում է թուրք-ամերիկյան հատկապես ստվերային սակարկությունների բավական թեժ շրջափուլ, որի ժամանակային սահմաններն ու բովանդակային արդյունքները պայմանավորված են բացառապես իրավիճակային զարգացումներով։ Ինչ խոսք, Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ թուրք-ամերիկյան գործընթացի ձախողման պայմաններում չի բացառվում նաև Անկարայի կողմից սահմանափակ ինքնուրույն ռազմագործողության հնարավորությունը, որը հազիվ թե լայն մասշտաբներ ընդգրկի։ Նման կանխատեսումըկարելի է հիմնվորել ինչպես տվյալ շրջանի քրդական կառույցների համեմատաբար լուրջ հնարավորությունների, նաև Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների սկզբունքային դիրքորոշման, այնպես էլ Թուրքիայի իշխանությունների կողմիցբավական ռեսուրսատար և անկանխատեսելի արդյունքներով խնդրահարույց արկածախնդրության մեջ չմտնելու հաշվարկների հանգամանքով։

Արմեն Պետրոսյան