Բոլթոնը կոչ Է արել Վենեսուելայի պաշտպանության նախարարին՝ հրաժարվել Մադուրոյին աջակցելուց


Բոլթոնը կոչ Է արել Վենեսուելայի պաշտպանության նախարարին՝ հրաժարվել Մադուրոյին աջակցելուց
Օգոստոս 14 18:25 2019

ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը կոչ Է արել Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսին՝ հրաժարվել հանրապետության գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցելուց եւ անցնել ընդդիմության կողմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Վլադիմիր Պադրինո, դու ունես ընտրություն: Քո զինվորներին ու համաքաղաքացիներին պաշտպանիր դիկտատոր Մադուրոյի կտտանքներից ու բռնությունից: Այլապես քեզ կհիշեն որպես մի մարդու, ով մեղսակից Է սահմանադրական երդմանը դավաճանածի այդ արարքներին»,-օգոստոսի 14-ին գրել Է Բոլթոնը Twitter-ում:

 

Այս հայտարարությունները նա արել Է այն բանից հետո, երբ անցած շաբաթ Պադրինո Լոպեսը պահանջեց պատժել նրանց, ովքեր նպաստում են Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: