Հանուն թիմակցի, կամ իմիտացիոն մրցույթ


Հանուն թիմակցի, կամ իմիտացիոն մրցույթ
Օգոստոս 14 17:36 2019

Պետական գույքի կառավարման կոնիտեում այսօր տեղի ունեցավ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը: Թափուր պաշտոնին հավակնում էին չորս հոգի, սակայն մրցույթին ներկայացել էին նրանցից երկուսը՝ Արման Աբրահամյանը և Արեգ Հայրապետյանը: Արդյունքում մրցույթում հաղթեց Արման Աբրահամյանը։

Լրագրողներին արգելվել է լուսաբանել  մրցույթի անցկացումը։

Ընդգծենք, որ Արման Աբրահամյանը մինչ այս գլխավոր տնօրենի պաշտոնակատարն էր։ Արման Աբրահամյանը և Արեգ Հայրապետյանը մրցույթի ընթացքում պատասխանեցին հարցատոմսերի ու բանավոր հնչող հարցին:

Մրցույթին մասնակցող թեկնածուները նաև ներկայացրին, թե ինչ ծրագրեր ու տեսլականներ ունեն՝ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի հետ կապված։ Մրցույթի մասնակիցներին գնահատող մասնագետները ներկայացված էին պետգույքի կոմիտեից, վարչապետի աշխատակազմից, հանձնաժողովում ներառված էին նար ՀԿ-ների ներկայացուցիչներ։

Մրցույթի ավարտին հանձնաժողովի նախագահը հայտարարեց մասնակիցների գնահատականների մասին․ Արման Աբրահամյանը ստացավ 37,8 միավոր, իսկ Արեգ Հայրապետյանը՝ 31,2, արդյունքում հաղթող ճանաչվեց Արման Աբրահամյանը։

Նշենք, որ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Արման Աբրահամյանը, ով հաղթող է ճանաչվել վայելում է օրվա իշխանությունների «դաբրոն» եւ բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է Պետգույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանի հետ։ Ըստ էության այս ամենն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի փակ պատերի ներսում, լրագրողների աչքերից հեռու  իմիտացիոն մրցույթ կազմակերպվի եւ իրենց թեկնածուն հաղթի։

Irakanum.am