Մելիք Մանուկյանի դեմ մահափորձը պատվերով է եղել. գործարարը ցուցմունք է տվել


Մելիք Մանուկյանի դեմ մահափորձը պատվերով է եղել. գործարարը ցուցմունք է տվել
Օգոստոս 14 14:20 2019

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանը ցուցմունք է տվել իր դեմ ներկայացված մահափորձի գործով։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը։

Փաստաբանը հայտնեց, որ Մելիք Մանուկյանը հարցաքննության ընթացքում պնդել է, որ չի ճանաչում և երբևէ առնչություն չի ունեցել գործով կալանավորված անձանց հետ։

Փաստաբանի կարծիքով՝ հանցագործությունը պատվիրված է եղել, սակայն տեղյակ չէ, թե նախաքննական մարմինն ինչ քայլեր է ձեռնարկում պատվիրատուներին բացահայտելու ուղղությամբ ։

Անդրադառնալով Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրի եռաչափ մոդելավորմանը, պաշտպանը  նշեց, որ տեսանյութում սխալ է ներկայացված պայթյունի պահը։

«Պայթյունն առաջացել է, երբ Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի աջ անիվը հպվել է ճանապարհին։ Ոչ թե մեքենան անցել է, նոր է պայթյունը եղել, այլ, երբ մեքենան հավասարվել է պայթյունի վայրին։ Պայթյունի պահին նրան ուղեկցող  «Նիսսան Պատրուլ»  մակնիշի մեքենան ոչ թե «Ռենջ Ռովեր»–ի հետևից է ընթացել, այլ նկատելով պայթյունը՝ թեքվել է ձախ, մինչդեռ եռաչափ պատկերում տպավորություն է, թե պայթյունն ուղղված է եղել «Նիսսան Պատրուլ»–ին»,–ասաց պաշտպանը։

 Փաստաբանը հայտնեց, որ պայթյունի դեպքը  ֆիքսել է ապակե տարաների արտադրությամբ զբաղվող «Սարանիստ» ՍՊԸ-ի տեսախցիկը, որի տեսագրությունը նա ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին։ Պաշտպանը միևնույն ժամանակ միջնորդել է նախաքննական մարմնին՝ վերացնել դեպքի վայրի եռաչափ մոդելավորման անճշտությունները։

Աղբյուր՝ News.am