«Սաս»-ի Արտակը դարձյալ հրավիրվել է հարցաքննության. ՔԿ


«Սաս»-ի Արտակը դարձյալ հրավիրվել է հարցաքննության. ՔԿ
Օգոստոս 13 19:34 2019

ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ «ՍԱՍ»-ի Արտակին, երկրորդ անգամ ծանուցագիր է ուղարկվել, որպեսզի վերջինս ներկայանա վարույթն իրականացնող մարմին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Երեւանի կենտրոնում միջադեպ է տեղի ունեցել Արտակ Սարգսյանի մասնակցությամբ։ Մասնավորապես, միջադեպը գրանցվել է Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում: Դեպքի ականատեսներից մեկը «Փաստինֆո»-ին պատմել էր, որ Արտակ Սարգսյանը ռեստորանում մենակ չի եղել, այնտեղ են գտնվել նաեւ այլ անձինք, որոնց թվում էր նաեւ ռուսաստանահայ գործարար Արամ Քոչարյանը։ Ռեստորանի այցելուները հանկարծակիի են եկել ԱԺ նախկին պատգամավորի բղավոցներից, ով դուրս է եկել ռեստորանի բացօդյա տարածք ու թիկնազոր կանչել։ Կարճ ժամանակ անց ռեստորան էին ժամանել նաեւ ոստիկաններ, որոնց թվում էին տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Ըստ տեղեկությունների՝ միջադեպի ժամանակ նաեւ հարվածել էին Արտակ Սարգսյանին։ 

Ոստիկանությունից ստացված գրավոր պատասխանից «Փաստինֆո»-ն տեղեկացել էր, որ Արտակ Սարգսյանը նյութերի նախապատրաստման փուլում ներկայացել է՝ բացատրություն տալու։ Դեպքի առթիվ հունիսի 8-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։