Արայիկ Հարությունյանն Արցախում կայանալիք ընտրություններում տեսնում է առողջ պայքարի հնարավորություն

Արայիկ Հարությունյանն Արցախում կայանալիք ընտրություններում տեսնում է առողջ պայքարի հնարավորություն
Օգոստոս 13 18:17 2019

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը վստահ է, որ Արցախում ձևավորվել է համերաշխության և փոխըմբռնման այնպիսի դաշտ, որտեղ բոլոր քաղաքական ուժերը համապետական ընտրություններում կարող են առողջ և քաղաքակիրթ պայքար ծավալել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

 

«Վերջին մի քանի ամիսներին մեր երկրում ծավալված ներքաղաքական զարգացումները չէին կարող իրենց բացասական հետևանքները չունենալ հանրային տրամադրությունների վրա: Հասարակության շրջանում առկա որոշակի լարվածության մասին ազդակներն ամեն օր ստանում էի թե՛ կուսակցականների և թե՛ տարբեր սոցիալական խմբերի հետ իմ ամենօրյա շփումների ժամանակ: Հավատացնում եմ բոլորիդ, որ այս ընթացքում ջանք ու եռանդ չենք խնայել, որպեսզի երկրում վերականգնենք բնականոն վիճակը՝ Արցախը հեռու պահելով ամեն տեսակ ներքին ցնցումներից: Իհարկե, դրա պատճառով չենք խուսափել ո՛չ թիրախավորումներից և ո՛չ էլ շահարկումներից, բայց, կարծում եմ, կարևորը արդյունքն է: Եվ այսօր կարող եմ հայտարարել, որ Արցախում ունենք համերաշխության և փոխըմբռնման այնպիսի դաշտ, որտեղ բոլոր քաղաքական ուժերը սպասվող համապետական ընտրություններում կարող են առողջ և քաղաքակիրթ պայքար ծավալել»,- գրել է Հարությունյանը:

 

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահը նշել է, որ այս գործում նշանակալի է Նիկոլ Փաշինյանի և մի քանի այլ քաղաքական գործիչների դերը:

 

«Այս գործում, միանշանակ, իր անուրանալի դերն ունեցան ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած վերջին այցը և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Եռամիասնությանն ուղղված պատմական ելույթը: Ներքին միասնականության պահպանմանն էին ուղղված նաև Սամվել Բաբայանի հետ իմ ունեցած հանդիպումներն ու քննարկումները: Այս դեպքում ևս շահարկումներից զերծ չմնացինք: Կրկին պնդում եմ, որ այդ հանդիպումները հետապնդում էին բացառապես կառուցողական նպատակ՝ հիմքում ունենալով երկրի շահը: Եվ ողջունելի է Սամվել Բաբայանի հայտարարությունն այն մասին, որ, հանրահավաքային պայքարի փոխարեն, իշխանության ձևավորման գործընթացի համար ընտրել են ընտրություններին մասնակցելու սահմանադրական ճանապարհը: Ողջունելի է նաև ԱՀ Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի՝ Արցախում օրինակելի ընտրությունների անցկացմանը իր պատրաստակամությունը բերելու վերաբերյալ հայտարարությունը»,- նշել է նա:

 

Արայիկ Հարությունյանի խոսքով` այս մթնոլորտը թույլ է տալու արդար և մրցակցային պայքարում Արցախում ձևավորել լեգիտիմ իշխանություններ՝ առանցքում ունենալով մայիսի 21-ին Մարտունի քաղաքի Հաղթանակի հրապարակում բնակիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ իր կողմից հնչեցրած այն միտքը, որ ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը:

loading...