Գյումրիում ավտոմաքսատան կառուցման աշխատանքը կիրականացնի «Պոդմոսկովյե» ընկերությունը


Գյումրիում ավտոմաքսատան կառուցման աշխատանքը կիրականացնի «Պոդմոսկովյե» ընկերությունը
Օգոստոս 13 17:12 2019

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ավտոմաքսատան կառուցման աշխատանքները կիրականացնի «Պոդմոսկովյե» ընկերությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկությունը օգոստոսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հաստատեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

 

Հովհաննիսյանը նշեց, որ ընկերության մասին մանրամասն տեղեկությունների չի տիրապետում, իսկ ինչ վերաբերում է կառավարության կողմից տրամադրված գումարին, ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնեց, որ այս պահի դրությամբ աշխատանքների կազմակերպման համար փոխանցվել է 966 մլն դրամ:

 

«Կառավարության կողմից նախատեսվել է նախապես 2,2 մլրդ դրամ, որից ներկայումս աշխատանքների կազմակերպման համար փոխանցվել է 966 մլն դրամ»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:

 

Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրի իրականացման շրջանակում գործադիրը որոշել է վերաբաշխում կատարել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 966,480.8 հազար դրամով: Միջոցներն ուղղվելու են ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը, որի վերաբերյալ որոշումն ընդունվել էր ՀՀ կառավարության օգոստոսի 1-ին կայացած նիստում: