Հպարտ ենք, որ համախմբված ենք հայրենիքում. Համահայկական խաղերի մասնակիցները գոհ են խաղերի ընթացքից


Հպարտ ենք, որ համախմբված ենք հայրենիքում. Համահայկական խաղերի մասնակիցները գոհ են խաղերի ընթացքից
Օգոստոս 13 14:00 2019

Համահայկական խաղերի մասնակիցները գոհ են խաղերի ընթացքից:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Համահայկական խաղերի ամենակրտսեր մասնակից 13-ամյա Դեսի Լելեքյանը, ով Ալեքսանդրիայի թիմից է, տպավորված է Ստեփանակերտում կայացած խաղերի բացման հանդիսավոր արարողությունից: «Առաջին անգամ չէ, որ հայրենիքում եմ, բայց առաջին անգամն էի Արցախում: Շատ հաջող բացում էր, ամեն ինչ հրաշալի էր»,-ասաց Դեսին, ում բասկետբոլի թիմը երկու պարտություն է կրել խաղերում և դուրս է մնացել հետագա պայքարից:

 

Թեհրանի պատվիրակության անդամ Ռազմիկ Միրզախանյանի կարծիքով նախորդ խաղերի համեմատ խաղերի կազմակերպչական աշխատանքը ավելի բարձր մակարդակի է: «Համահայկական խաղերի մասնակիցների շարքում մեր թիմն ամենաերիտասարդն է: Հպարտ ենք, որ համախմբված ենք հայրենիքում»,-ասաց նա:

 

Իսկ ահա Ֆրեզնոյի բասկետբոլի թիմի խաղարկիչ Ալան Բրեմջինգը գոհ է իր թիմի մինչ այս ցույց տված խաղից, քանի որ երեք հանդիպում էլ հաղթանակով է ավարտել: «Սա իմ երրորդ Համահայկական խաղերն են, ես շատ սիրեցի խաղերն ու վստահ եմ, որ էլի եմ մասնակցելու»,-եզրափակեց նա:

 

7-րդ համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 35 երկրի մոտ 160 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր անցկացվեցին Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը ծավալվում է Երևանում: Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաքը և Չեխիան: