Հայաստանի տնտեսությունը 2019 թվականի առաջին կիսամյակում. միտումներ, կանխատեսումներ, սպասելիքներ


Հայաստանի տնտեսությունը 2019 թվականի առաջին կիսամյակում. միտումներ, կանխատեսումներ, սպասելիքներ
Օգոստոս 13 11:36 2019

Եվրասիական փորձագիտական ակումբը շարունակում է ծանոթացնել ընթերցողներին Հայաստանի տնտեսության վիճակին, ինչպես նաև երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման արդիական հարցերին: Տնտեսագիտության դոկտորներ, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, տնտեսագիտության թեկնածու Աղասի Թավադյանը և տողերիս հեղինակը ստեղծեցին այդ գործընթացներն ուսումնասիրող խումբ: Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում մեր հետազոտության առավել հետաքրքիր եզրակացությունները, ուղեկցելով դրանք  քաղաքագիտական մեկնաբանություններով և կանխատեսումներով:

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության հաջողություն արձանագրած ոլորտների մասին

Պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ 2019թ. առաջին կիսամյակը նշանավորվեց հակասական միտումներով: Մի կողմից նկատվեց տնտեսական ակտիվության աճ 6,5%-ով մի շարք ճյուղերի զարգացման դրական միտումների հաշվին, մյուս կողմից, որոշ ճյուղեր շարունակում են մնալ անկման վիճակում, ինչն էլ զսպում է ողջ տնտեսության առաջանցիկ զարգացումը:

Ամենաբարձր աճը նկատվեց ծառայությունների ոլորտում՝ 15,3%: Եվ դա առանց առևտուրը հաշվի առնելու (աճը՝ 8,9%): Այս աճն ապահովված է զբոսաշրջիկային ծառայությունների շարունակվող աճի հաշվին: Վերջին տարիներին արտասահմանյան զբոսաշրջիկների մուտքը Հայաստան, տարեց-տարի, շարունակում է աճել երկնիշ թվերով: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 14,4%-ով ավելի արտասահմանցի, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Եվ դա միայն զբոսաշրջիկային սեզոնի սկզբում: Հարկ է նշել, որ 2018թ. մեր երկիր այցելել է 1651782 արտասահմանցի, ինչը 10,5% ավելի է 2017թ. ցուցանիշից: Սպասվում է, որ 2019թ. վերջին Հայաստան այցելած արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 2 միլիոն մարդը: Այս զարգացումը հնարավորություն է տվել դրական դինամիկա հաղորդել արդյունաբերական արտադրանքի աճին (6,9%-ով): Տվյալ դեպքում այն ուղղված է եղել սպառողների սեզոնային աճից ծագող աճող պահանջարկի բավարարմանը: Իր հերթին, արդյունաբերության աճը, մինչև անցյալ տարին ավանդական դարձած լեռնահանքային արդյունաբերության ավանդական աճի կարելի է համարել երկրի տնտեսության ձեռքբերումներից մեկը:

Տնտեսության զարգացման կարևոր ցուցիչ է շինարարությունը: Առաջին կիսամյակում այս ճյուղի աճը կազմել է  4,7%, ինչը վկայում է բնակարանային ֆոնդի նկատմամբ աճող պահանջարկի, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության զարգացման մասին:

Միջին անվանական աշխատավարձի ցուցանիշը ավելացել է 5,6%: Սա Հայաստանի իշխանությունների հաջողությունն է և պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության գործունեության արդյունքում ստվերի կրճատմամբ:

Սահմանված դրական թրենդերը, որոնց շարժիչներն են դառնում տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, թեթև և սննդի արտադրության, ոսկերչական իրերի արտադրության և այլ ոլորտներում մասնավոր ընկերությունները և համատեղ նախագծերը, թույլ են տալիս, ընդհանուր առմամբ, լավատեսորեն նայել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարին:

Վերլուծելով Հայաստանի տնտեսության ժամանակակից իրավիճակը, կարևոր է աչքաթող չանել այն հանգամանքը, որ անցյալ տարվա Թավշյա հեղափոխությունը չհանգեցրեց էական ցնցումների և վերը նշված տնտեսության ոլորտները շարունակում են զարգացումը այն իներցիայով, որը հաղորդվել է նախկին կառավարությունների և արտասահմանյան գործընկերների հետ համատեղ նախագծերի կողմից:

 

Կարևոր է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը մնում է կայուն, չնայած նրա վրա, առաջին հերթին, ազդում է համաշխարհային շուկաների անորոշությունը: Ներքին տնտեսությունից բխող ռիսկերի ազդեցությունը ավելի կանխատեսելի է: Հայաստանում այսօր գործում է 22 բանկ, 33 վարկային և 6 ապահովագրական ընկերություն: Նույնպես կարևոր է, որ ազգային արտարժույթով վարկերի և խնայողությունների տեսակարար կշիռն անընդհատ աճում է: Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով բանկային համակարգում գործող վարկերը միասին վերցրած կազմել են մոտ $6,3 մլրդ.: Այդ գումարի 47% հայկական դրամով է: Այս տարվա առաջին կիսամյակում հայկական բանկերի մաքուր շահույթը կազմել է մոտ $80 մլն., ինչը 4% ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Կարևոր է հասկանալ, որ այդ աճը վկայում է բանկերի նկատմամբ բնակչության վստահության մասին, նկատի առնելով այն հանգամանքը, որ շահույթի առյուծի բաժինն ապահովում են բնակչության ներդրումները: Մյուս կողմից, քաղաքացիները չեն տեսնում այլ ոլորտներ և իրենց միջոցները ներդնելու համար ուղղություններ և այդ պատճառով էլ տեղավորում են իրենց խնայողությունները բանկում: 2018թ. Հայաստան մուտք գործած դրամական փոխանցումների ծավալը կազմել է $1785,6 մլն. և աճել է 1,6%: Այդ նույն ժամանակահատվածում կապիտալի արտահոսքը կազմել է $1188,3 մլն., աճը այստեղ կազմել է 20%: Սա նշանակում է, որ անցյալ տարի Հայաստանում վաստակած կապիտալների արտահոսքն արտասահման էապես մեծացել է, ինչը չի կարող դրական ազդել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Կան այս տարվա առաջին ամիսների կապիտալի ներհոսքի և արտահոսքի ցուցանիշները, սակայն անել հապշտապ եզրակացություններ ոլորտի վիճակի մասին առայժմ իմաստ չունի: Կոռեկտ եզրակացության համար արժե սպասել տարվա վերջին տվյալներին:

Վերջապես, մի քանի խոսք հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի մասին: Այս տարի Հայաստանում բոլոր ներդրումների 51%-ն արվել է Ռուսաստանից: Արտահանման ամենամեծ աճը դիտվում է ԵԱՏՄ ուղղությամբ և, առաջին հերթին, դեպի Ռուսաստան: Ռուսաստանյան պաշտոնական տվյալներով Ռուսաստանում մշտապես գտնվում է Հայաստանի 491000 քաղաքացի: Հայաստան արտասահմանից եկող բոլոր տրանֆերտների 64% Ռուսաստանից է: Միևնույն ժամանակ, վերջին ամիսների համար բնորոշ են հետևյալ միտումները: ՌԴ տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացիների թիվն այս տարի նվազել է, նվազել է նաև Ռուսաստանում միգրացիոն հաշվառման կանգնած Հայաստանի քաղաքացիների թիվը: Ռուսաստանում միգրացիոն հաշվառումից հանված Հայաստանի քաղաքացիների թիվը մեծացել է: Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Հայաստանի քաղաքացիների թիվը (տվյալ դեպքում միգրացիայի ցուցանիշը բերվում է մի քանի տարի ուշացմամբ) նվազել է: Հայաստանի սահմանի հատումների հաշվեկշիռը բարելավվել է: Պրոֆեսոր Թ.Մանասերյանը կարծում է, որ Հայաստանից արտագաղթը նկատելիորեն կրճատվել է և առայժմ այս միտումը շատ նկատելի կերպով շարունակվում է: Այն միաժամանակ բացատրվում է Հայաստանում իշխանության փոփոխությամբ և, ամբողջությամբ վերցված, բնակչության բարձր դրական սպասումներով, վերջին երեք տարիների ընթացքում որոշ տնտեսական վիճակի բարելավումներով, ինչպես նաև այն հանգամանքով, որ Հայաստանի քաղաքացիներին զարգացած երկրներում այլևս ապաստան չեն տալիս, քանի որ Հայաստանն այժմ համարվում է անվտանգ երկիր:

Հայաստանի հարկահավաքները 2019թ. առաջին կիսամյակում արդեն ապահովել են երկրի վարչապետի կողմից նախապես հայտարարված հարկային եկամուտների աճը: Պետական գանձարանի հարկային եկամուտների փաստացի կատարումը 2019թ. հունվար-հունիս ամիսներին գերազանցել է ծրագրային ցուցանիշը 67,9 մլրդ. դրամով, իսկ ճշգրտված ցուցանիշը գերազանցվել է 62,7 մլրդ. դրամով, հասնելով 713,4 մլրդ. դրամի:

Մեր օրերի տնտեսական իրողություններում բացասական միտումների մասին

Պրոֆեսոր Աշոտ Թավադյանի և Աղասի Թավադյանի գնահատմամբ, 2019թ. առաջին կիսամյակում ապրանքաշրջանառության աճ չի գրանցվել: Ապրանքաշրջանառության աճը գրեթե դադարել է, արտահանման ծավալները կրճատվել են 0,5%, ներկրման ծավալները աճել են 1%: Հետազոտության այս մասի հեղինակները կարծում են, որ արտահանման երկնիշ աճը 2016 և 2017թթ. պայմանավորված էր արտահանման վերականգնողական աճով: 2015թ. արտահանման եզրափակիչ տվյալները բացասական էին, ինչպես Ռուսաստանի (-31%), Ղազախստանի (-42%), Բելառուսի (-26%), ԵՄ (-12,3%) համար: Այդ նույն 2015թ. Հայաստանի արտահանումը կրճատվել էր ընդամենը 4%: Սակայն կառուցվածքային կրճատումներն ավելի նշանակալից էին: Մեր երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին խթան հանդիսացավ արտահանման երկնիշ աճի համար 2016, 2017, 2018թթ.: Դեպի Ռուսաստան արտահանումը աճեց ավելի քան երկու անգամ: Այս վերականգնողական աճը միջնաժամկետ երևույթ է և արտահանման աճի դանդաղեցումը նկատվել է դեռևս 2018թ. վերջից: Բայց սա արտահանման կրճատման պատճառներից միայն մեկն է: Մյուս պատճառը՝ լեռնահանքային ոլորտի կրճատումն է: Հանքաքարը և մետաղները գնում են հիմնականում Եվրոպական Միություն: Արտահանումը դեպի ԵՄ 2019թ. առաջին կիսամյակում, 2018թ. նույն ժամանակաշրջանի հետ համեմատած, կրճատվել է 24%-ով: Կրճատման թրենդը իրեն զգացնել տվեց 2018թ. նոյեմբերից, երբ փակվեց Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Հայաստանի այս հնագույն արդյունաբերական ձեռնարկությունը փակվեց իշխանությունների հետ անհամաձայնության պատճառով, քանի որ չլուծվեց այն հարցը, թե որքա՞ն տուգանք պետք է վճարի ձեռնարկությունը շրջակա միջավայրին հասցված վնասի համար: Ընկերության կարծիքով պետության պահանջած տուգանքի չափերը չափազանց բարձր էին: Արդյունքում գործարանը կանգնեց և շուրջ 500 աշխատողներ մնացին առանց աշխատանքի: Այս ձեռնարկությունը ապահովում էր երկրի արտահանման ընդհանուր ծավալի 3,5%: Այս պատճառով էլ, 2019թ. առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պղնձի արտահանումը կրճատվեց մոտ 10 անգամ: Նույն ժամանակահատվածում, հանքաքարի արտահանումը կրճատվեց 7,2%: Այստեղ արժե նշել, որ տնտեսության կայուն և երկարաժամկետ զարգացման համար, լեռնահանքային ոլորտի կրճատումը չի կարելի համարել լոկ բացասական երևույթ, քանի որ առաջնային է վերամշակված ապրանքի արտադրությունը և դրա արտահանումը: Լեռնահանքային ոլորտը շատ կարևոր է տնտեսության կայուն զարգացման համար առաջին փուլերում: Կարևոր է սրա հիման վրա արագ կառուցել նոր արտադրություններ, որոնք հետագայում թույլ կտան ունենալ պատրաստի վերամշակված վերջնական արտադրանք: Այժմ նոր իշխանության առաջնահերթ խնդիրներից մեկը հնարավորություններ գտնելն է խթանելու համար վերամշակող ձեռնարկությունների ներդրումը: Այս տեսանկյունից, Աղասի Թավադյանն առաջարկում է որոշ փոփոխություններ մտցնել հարկային օրենսգրքում, մասնավորապես, մաքսատուրք ներդնել հումքի արտահանման համար, ինչպես դա արվում է Ռուսաստանում:

Չի կարող չանհանգստացնել պատրաստի արտադրանքի արտահանման կրճատումը, հատկապես տեքստիլ արդյունաբերության ոլորտում 15%: Դրա պատճառը ռուսաստանյան ռուբլու արժեզրկման ազդեցությունն է: Նշենք, որ տեքստիլ արդյունաբերությունը, Աշոտ և Աղասի Թավադյանների կարծիքով, կարողացավ վերջին տարիներին ապահովել էական աճ և դառնալ արդյունաբերության առաջատար ճյուղերից մեկը: Այս ոլորտի արտադրանքը գնում է, գլխավորապես, Ռուսաստան:

Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կրճատվել է 8,1%: Հետաքրքիր է, որ մրգերի և բանջարեղենի արտահանումը նույն այդ ժամանակաշրջանում ունեցել է շատ մեծ աճ՝ 18%: Այսպիսով, հարկ է պարզել գյուղատնտեսական տարածքների և արտադրության ծավալների հետևողական կրճատման պատճառները: Ոլորտի կառավարման արդյունավետության ակնհայտ դեֆիցիտից, ինչպես նաև արտադրողականության ցածր մակարդակից բացի, Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետների կարծիքով, կարևորագույն պատճառներից մեկը մնում է գյուղատնտեսության մեջ ստվերային տնտեսության մեծ բաժինը փաստացի ստացված արդյունքների ոչ լրիվ հաշվառման հետ միասին: Կառավարությունը պետք է ձեռնարկի համալիր միջոցառումներ գյուղատնտեսական ոլորտի անկումը կանխելու և, գլխավորապես, գյուղական բնակչության արտահոսքը կրճատելու նպատակով: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ երկրորդ կիսամյակում, լավ բերքը նկատի ունենալով, կարելի է սպասել ագրոարդյունաբերական ոլորտի տվյալների բարելավում:

Անկում է նկատվել նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում (-5,5%): Չնայած էներգետիկան հանդիսանում է Հայաստանի տնտեսության մրցունակ ճյուղերից մեկը, սակայն պրոֆեսոր Թ.Մանասերյանի կարծիքով, երկրի էներգետիկ անվտանգությունը էական բարելավման կարիք ունի: Նախ և առաջ, անհրաժեշտ է դիվերսիֆիկացիա: Դրան կարելի է հասնել ինչպես Երևանի ՋԷԿ-ի նոր բլոկի կառուցմամբ, հայկական ԱԷԿ-ի արդիականացման (ռուսական վարկի շրջանակներում), ինչպես նաև Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորմամբ, որը կմիացներ իրար Իրանը, Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը: Այս համակարգը կմեծացներ էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքերը չորս երկրների միջև և թույլ կտար Հայաստանին, փաստացի, ճեղքել տրանսպորտային էներգետիկ շրջափակումը: Կարևոր է նաև նկատի ունենալ, որ մինչև տարվա վերջ էներգետիկայի ոլորտում կարելի է սպասել ցուցանիշների որոշ բարելավում:

Որոշ կանխատեսումներ և եզրակացություններ

Ամփոփելով առաջին կիսամյակի արդյունքների հետազոտությունները, Եվրասիական փորձագիտական ակումբը նշում է, որ Հայաստանի տնտեսությունը զարգանում է բազմապիսի դրական և բացասական միտումների պայմաններում, որոնք ունեն ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ մեծապես նաև օբյեկտիվ բնույթ: Մեր փորձագետները համակարծիք են, որ դիտարկվում է համաձայնեցված գործողությունների բացակայություն երկրի տնտեսության կառավարման տարբեր օղակների միջև: Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց առավել քան հասունացել է երկրի իշխանությունների և փորձագիտական հանրության միջև ուղիղ կապի հաստատումը: Դրա հետ մեկտեղ, հարկ է հասկանալ, որ վարչարարության խստացումը, պայքարը կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ, ինչպես նաև հետևողական աճը հայկական տնտեսության մրցունակ մի շարք ոլորտներում, լավատեսություն են հաղորդում երկրի տնտեսական երկարաժամկետ զարգացման գործում դրական փոփոխությունների հարցում: Չէ՞ որ տնտեսական գործընթացների կտրուկ կարգավորման միջոցառումները տնտեսության վրա կարճաժամկետ հեռանկարում կարող են ունենալ բացասական ազդեցություն, սակայն արդյունավետ կենսագործման դեպքում կարող են ապահովել տնտեսության վերակառուցում, ինչը կհանգեցնի տնտեսական ցուցանիշների բարելավման: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է հստակ ծրագրված համակարգային մոտեցում, որը կապահովեր շարժում դեպի կայուն դրական զարգացում:

Եվ վերջում՝ Եվրասիական փորձագիտական ակումբի ավանդական կանխատեսումները: Աշոտ և Աղասի Թավադյանները կարծում են, որ չնայած այն բանին, որ 2019թ. առաջին կիսամյակում արտահանումը, համեմատած 2018թ. նույն ժամանակահատվածի հետ չի աճել, 2019թ. արտահանման եզրափակիչ արդյունքների կանխատեսումը դրական է: Նրանց կանխատեսմամբ արտաքին բացասական գործոններից և կառավարչական որոշումներից կախված, Հայաստանից արտահանումը կարող է աճ արձանագրել 2,5%-ից մինչև 6%-ը: Տնտեսական ակտիվության աճի ինդեքսը տարվա արդյունքով կարող է կազմել 4±2%: Մոտավորապես այդքան էլ կարող է կազմել և ՀՆԱ-ի աճը: Չնայած չի բացառվում, որ այն կլինի մի փոքր ավելի ցածր անցյալ տարվա ցուցանիշից (5,2%):

Հաջորդ հոդվածում մենք մեր ընթերցողների ուշադրությանը կներկայացնենք Եվրասիական փորձագիտական ակումբի տեսլականը հայկական արդյունաբերության արդի վիճակի և զարգացման հեռանկարների հարցում, ելնելով այն կարևորությունից, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերամշակող արդյունաբերությունը և բարձր տեխնոլոգիաների ոլորտը հայտարարել է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնասյուներ:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան,

Եվրասիական փորձագիտական 

ակումբի համակարգող



loading...