Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցով ՄԻՊ-ը խոսել է ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ

Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցով ՄԻՊ-ը խոսել է ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ
Օգոստոս 13 11:24 2019

Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ  մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, վերջինս տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Արայիկ Ղազարյանի ընտանիքի անդամների հետ։

 

Զինծառայողի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապված հարցերով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգային համապատասխան կառույցներին։

 

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: 

 

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա ֆեյսբուքի իր էջում: 

 

loading...