Հայաստանում Երեխաների քաղաք է կառուցվելու


Հայաստանում Երեխաների քաղաք է կառուցվելու
Օգոստոս 12 22:28 2019

Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Երեխաների քաղաք» կկառուցվի: 

Ծրագիրն իրականացնում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, որը պատրաստվում է վերոնշյալ համայնքների տարածքներում կառուցել քաղաք, որտեղ կիրականացվեն երեխաների խնամքին, առողջության պահպանմանը, դաստիարակությանը և զարգացմանը, կրթական ծառայությունների արդյունավետ կազմակերպմանն ուղղված ծրագրեր:

Այդ քաղաքում ապահով օթևան կգտնեն հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխա և երիտասարդ՝ իրենց ընտանիքների հետ միասին, իսկ միջնորդավորված շահառուներ կարող են լինել մոտ 8000 մարդ՝ Հայաստանի այլ մարզերից և մայրաքաղաքից: Փոքրիկ բնակիչներին բանիմաց ու փորձառու մասնագետները կշրջապատեն առավելագույն ջերմությամբ և հոգատարությամբ, կցուցաբերեն անհատական վերաբերմունք ու մոտեցում:

«Երեխաների քաղաք» նախագծի հիմքում իրական՝ «մեծերի» քաղաքի մոդելն է՝ իրեն բնորոշ ենթակառուցվածքներով՝ մանկապարտեզ, միջնակարգ և ավագ դպրոցներ, հիվանդանոց, սպորտային համալիր և այլ հաստատություններ՝ հարմարեցված շարժողական խնդիրներ ունեցողների ազատ տեղաշարժման համար:

Իր տեսակով յուրօրինակ այս քաղաքի բնակիչներն իրենց այս հետաքրքիր առօրյայում հնարավորություն կունենան մասնագիտություններ ձեռք բերել, տիրապետել արհեստների, յուրացնել համակարգչային հմտություններ և ստացած գիտելիքներն ու փորձը կիրառել այնտեղ գործող արհեստագործական և գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամասերում, հյուրատանը, ռեստորանում և այլ հաստատություններում:

Մարզպետի խոսքով՝ Արարատի մարզի երեխաների համար այդօրինակ համալիրի կառուցումը կնպաստի մանկական աղքատության կրճատմանը, սոցիալապես անապահով երեխաների զարգացմանը, կրթության ապահովմանը, ինքնադրսևորմանը, ներառմանը հասարակությունում:

vnews.am