Սեւանում ջրահեղձ եղած 25-ամյա երիտասարդը հեծանավակով է եղել. մանրամասներ ողբերգական դեպքից


Սեւանում ջրահեղձ եղած 25-ամյա երիտասարդը հեծանավակով է եղել. մանրամասներ ողբերգական դեպքից
Օգոստոս 12 20:45 2019

Սեւանա լճի «Լագունա լողափ»-ում այսօր ջրահեղձ եղած 25-ամյա երիտասարդը Տավուշի մարզից է եղել, Սեւանա լիճ էին գնացել ընտանիքով` հանգստանալու նպատակով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեւանի ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը:

 

«25-ամյա երիտասարդը եւ 13-ամյա երեխան հեծանվանավակով են եղել: Նրանք մոտ 50 մետր ափից հեռացել են, հավանաբար ցանկացել են լողալ, երբ դեպքը  տեղի է ունեցել: Ջրի խորությունը այդ վայրում 2 մետր է եղել, երեւի լողալ չեն իմացել»,- ասաց  Արմեն Ճզմաչյանը:

 

 

Նրա խոսքով` 13-ամյա երեխային ափից են օգնության հասել:

 

Օգոստոսի 11-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի «Լագունա լողափ»-ին քաղաքացիներ են ջրահեղձ եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատը:

 

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը քաղաքացիներից մեկը (13 տարեկան) ջրից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

 

Փրկարարները ջրից  դուրս են բերել Ս.Բ.-ի (25 տարեկան) դին: