Մեր տեղական արտադրողները հաստատուն քայլերով զարգանում են ու առաջ գնում. Made in Armenia-ի հյուրն է Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահը


Մեր տեղական արտադրողները հաստատուն քայլերով զարգանում են ու առաջ գնում. Made in Armenia-ի հյուրն է  Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահը
Հունվար 16 03:29 2017

Made in Armenia նախագծի հյուրն է Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

-Պրն. Զաքարյան, «Դեղերի մասին» նոր օրենքը շատ քննարկվեց, մտահոգություններ հնչեցին, որ դրա ընունումից հետո Հայաստանում դեղերի գները կաճեն: Այդ առումով, ի՞նչ պատկեր ունենք հիմա: Որո՞նք են, ըստ Ձեզ, նոր օրենքի ամենաուժեղ և թույլ կողմերը:

-Օրենքն ինքնին լավն է՝ համապատասխան արդիական պահանջներին, միջազգային ստանդարտներին: Խնդիրն այլ է՝ օրենքի հաստատումից, պատրաստումից, ԱԺ քննարկումներից ու դրա ստորագրումից հետո պարզվեց, որ օրենքի հետ կապված 60-ից ավել կարգեր և կարգավորումներ պատրաստ չեն, ինչն էլ բերել է բավականին խառնաշփոթ վիճակի: Միևնույն ժամանակ նաև կան ԵՏՄ պայմանները, կարգավորումները, որոնք պետք գործեին 2017թ.հունվարի 1-ից, բայց դեռ, ինչպես հասկանում ենք, պատրաստ չեն և արդյունքում խառնաշփոթը կայանում է հենց նրանում, որ ներմուծողները ներմուծում են դեղեր համաձայն ԵՏՄ կարգերի, բայց արդյունքում պարզվում է, որ դեռ գործում է դեղերի մասին հին օրենքը, ըստ որի ԵՏՄ-ից ներմուծված դեղերը համարվում են չգրանցված, քանի որ ԱՆ փորձագիտական կենտրոնում գրանցված չեն: Այդտեղից էլ բխել են վերջին դեպքերը, երբ 40-ից ավել դեղատների տուգանել էին իբրև թե չգրանցված դեղեր վաճառելու համար: Բայց արդյունքում պարզվում է, որ այդ դեղատները պատշաճ ձևով՝ հաշիվ-ապրանքագրով, ստացել են ապրանքը ներմուծողներից և վաճառել, բայց քանի որ ԱՆ փորձագիտական կենտրոնը պարզաբանում, բացատրություն չի տվել, թե ինչ պայմաններով կարելի է ներմուծել, կամ կարելի է, թե ոչ և ինչ-որ տեղ չկարողանալով հաստատել իր ճշմարտացիությունը ներմուծողների հանդեպ, որպես ավելի հեշտ թիրախ է գտել դեղատներին, այն դեպքում, որ դեղատները պատշաճ ձևով ընդունել են ապրանքատեսակը: Իհարկե, մեզ շատ անհանգստացրեց առողջապահության նախարարի վերջին ասուլիսում հնչեցրած միտքը, որ կաշառք տվողները և ստացողները նույնատիպ ձևի քրեական պատասխանատվություն են կրում: Ես ուզում եմ հայտարարել, որ պատշաճ ձևով աշխատող դեղատների հանդեպ նմանատիպ հայտարարությունն անընդունելի: Իրենց կարծիքով՝ դեղատները պետք է ստուգեին, թե այդ ապրանքները գրացնված են Հայաստանում, թե ոչ: Իհարկե, մեր ոլորտը երևի այն բացառիկ ոլորտներից մեկն է, որը պահանջում է հնարավորին չափ խիստ կանոնակարգեր և մոնիտորինգ: Դեղը երևի այն միակ ապրանքատեսակն է, որն, ինչպես տեսնում եք, ունի իր առանձին օրենքը և երեք գործընթաց է անցնում՝ սահմանին ստուգումներ, գրանցում-ներմուծում և մաքսազերծում, ուստի մինչև դեղատներին տուգանելը երևի ավելի ճիշտ կլիներ, որ ԱՆ-ը և դեղերի փորձագիտական կենտրոնն ավելի շատ իրենց աշխատանքը կատարեին առաջին հերթին: Եթե չէր կարելի այդ դեղերը ներմուծել Հայաստան, ուրեմն չթողնեին, որպեսզի ներմուծեն, բայց քանի որ մենք հիմա «ԵՏՄ-ում ենք», առանց ինչ-որ արգելքների այդ դեղամիջոցները մտել են Հայաստան: Արդյունքում դուրս է գալիս, որ ԱՆ փորձագիտական կենտրոնը դեմ է, որ այդ դեղերն առանց խոչընդոտների մտնեն Հայաստան, իսկ ԵՏՄ-ն պահանջում է, որ դրանք առանց խոչընդոտների մտնեն Հայաստան: Սա չհաստատված կարգերի մի օրինակ է, ինչպես նաև վառ օրինակ է, թե առանց պարզաբանումների, առանց հասկանալու, առանց կարգը հաստատելու ինչպես կարելի է օրենքը փոխել, բայց կարգերը՝ դեռ ոչ: Արդյունքում նոր օրենք ունենք, բայց գործում է հին օրենքը:

-Իսկ դեղերի գների հնարավոր բարձրացման մասով ի՞նչ պատկեր կա հիմա:

-Դեղերի գների աճի վրա նոր օրենքը առանձնապես չպետք է ազդի՝ այն իմաստով, որ այն ավելի շատ կանոնակարգում է դեղերի շուկայի գործունեության քաղաքականությունը: Իհարկե, նոր օրենքում կա հոդված, որտեղ պետութունը իրեն վերապահում է որոշակի սահմանափակումներ դնել պետական գնումների ժամանակ միջայնացված արժեք ներկայացնելու հարցում և իր առաջնահերթ դեղերի պետական գնումների ժամանակ որոշակի առաստաղ է դնելու, ինչն ընդունված է շատ երկրներում: Դրանից բացի, մասնավոր հատվածում ինչ-որ հատուկ նմանատիպ խոչընդոտենր չեն լինելու, այլ թողնվելու է, որ շուկան ինքն իրեն կարգավորի: Այս օրենքով կան որոշակի ավելի խստաված պահանջներ, օրինակ՝ մեծածախը փոքրածախից տարանաջատելու հարցում, պահպանման՝ այսինքն պահեստավորման և բաշխման պահանջներն են ավելի խիստ: Գուցե դա որոշակի ծախսեր ավելացնի ներմուծողների և դեղատների համար, որը կարող է որոշակի ժամանակահատվածում ինչ-որ ձևով բաշխվել դեղաքանակների վրա, բայց ուղիղ միտված ինչ- որ քայլեր կամ հոդվածներ, կարգեր, որոնք կբերեն դեղերի թանկացմանը, չկան:

-Ինչպիսի՞ վիճակում է այսօր Հայաստանի դեղագործական ոլորտը: Ինչպիսի՞ պատկեր ունենք դեղերի ներմուծման և արտահաման մասով տոկոսային տվյալներով: Տեղական արտադրանքի ի՞նչ տոկոս է արտահանվում: Տեղական արտադրողները ի՞նչ խնդիրներ ու առավելություններ ունեն:

-Նախ ուզում եմ հպարտորեն ասել, որ Հայաստանը դեղագործական երկիր է՝ ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, ուստի դրանով կարելի է հպարտանալ, քանի որ այն երկիրը, որն ունի իր դեղագործական տեղական արտադրողները, ստրատեգիկ իմաստով նաև պաշտպանված է: Ուզում եմ նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում տեղական արտադրողները կարողացան հասնել 14%-ի՝ բնակչության կարիքներն ապահովելու իմաստով, դա քիչ չէ: Երկրորդը՝ մեր տեղական արտադրողները հաստատուն քայլերով զարգանում ու առաջ են գնում, սա երևի միակ ոլորտն է, որ վերջին տասը տարվա մեջ ստաբիլ աճ է արձանագրել: Օրինակ՝ 2015թ. 26 %-ով աճել է արտադրությունը, իսկ 29%-ով՝ արտահանումը, մեր ապրանքատեսակների և տեղական արտադրոդների արտադրանքի 50 %-ից ավելին արտահանվում է օտար երկրներ: Պոտենցիալն ավելի մեծ է, որովհետև մեր 8 արտադրողներից հիմնական մասը իր արտադրական հնարավորությունների 30-35 % է օգտագործում, և մենք հույս ունենք ,որ ԵՏՄ կազմ մտնելուց հետո դեղարտադրության հարթակը հնարավոր է ավելի մեծանա՝ դրսի կազմակերպությունները պատվիրեն Հայաստանում արտադրություն տեղական արտադրողներից և MADE IN ARMENIA պիտակը արդեն տարածվի ԵՏՄ երկրներում:

-Կարծիքներ կային նաև, որ նոր օրենքով լրջորեն սահմանափակվում են դեղերի, այսպես կոչված, «զուգահեռ ներմուծման» հնարավորությունները։ Այս առումով պատկերն ինչպիսի՞նն է:

-«Զուգահեռ ներմուծումը» նախ վերջին 4-5 տարվա ընթացքում էլ թվում էր, թե կարելի է, որին, ի դեպ, մեր միությունն այն ժամանակ դեմ էր՝ այն իամստով, որ դա ժամանակավրեպ է, այսինքն երբ փոխում ես մի օրենք՝ դնելով 4-7 բառ, այդ բառերն են՝ եթե դա չի ազդում անվտանգության վրա, նմանատիպ բառեր դնելով, չի նշանակում որ «զուգահեռ ներմուծումը» կարելի է՝ նամանավանդ, որ մեկ այլ օրենքում նույնպես նմանատիպ փոփոխւթյուններ էր պետք անել:Դրա համար խնդիրներ են առաջացել, թվում էր, թե տեքստի փոփոխմամբ կարելի է «զուգահեռ ներմուծում» անել, բայց ԱՆ-ը սկսած հայկական օրենքներից վերջացրած միջազգային օրենքների ստանդարտներով պատրաստ չէր՝ չնայած հայտարարել է, որ պատասրաստ «զուգահեռ ներմուծմանը»: Մենք այն ժամանակ նշում էինք, որ դա, ճիշտ է, կխթանի մրցունակությունը, բայց կբերի ավելի բարդ խնդիրների՝ մասնավորապես խոսվում էր հազար տեսակ կեղծ դեղերի պայքարի մասով, բիոտերորիզմի մասով և այլն, դրա համար մենք գտնում ենք, որ դա ժամանակավրեպ է: Հիմա էլ այս նոր օրենքով թվում է, թե ավելի հստակեցվում են պայմանները, բայց ինչպես նշեցի, էլի կարգը գոյություն չունի, այսինքն մենք չգիտենք՝ ինչ պայմաններով կաշխատեն այն 60-ից ավել կարգերը, որ կմշակվեն, կհատատվեն ու ինչ նոր խոչընդոտներ կլինեն: 

-Որպես շուկայի խնդիրներից մեկ նշվում է նաև մենաշնորհը, ի՞նչ կարող եք ասել դրա մասին, կա՞ այսօր դեղերի շուկայում մենաշնորհ:

-Դեղերի շուկան երևի ամենադեմոկրատ, ոչ մոնոպոլիզացված ոլորտն է: Ինչպես նշեցի՝ 8 արտադրող ունենք, 47-ից ավել ներմուծող, 1700-ից ավել դեղատներ, այսինք բավականին լայն է ոլորտում աշխատողների կազմը և բավականին մրցունակ: Ուղղակի ոլորտում կան խոշոր, միջին և փոքր խաղացողներ, որը նորմալ է նայվում ցանկացած երկրի համար, բայց նշել, որ մոնոպոլիզացված է՝ ինչ-որ նմանատիպ վիճակ կա, դա չի համապատասխանում իրականությանը:

-Հայաստանն այսօր որքանո՞վ է պաշտպանված հարևան երկրներից՝ օրինակ Վրատանից ներմուծվող կեղծ դեղերից:

-Հայաստանում վերջին 2-3 տարիների ընթացքում ահազանգող սահմանների են հասել մաքսանենգ ճանապարհով ներմուծվող դեղերը: Ես ուզում եմ նշել մաքսանենգ ճանապարհով և չօգտագորել կեղծ դեղեր անվանումը, որովհետև այդ դեղերը գրանցված են Վրաստանում, ուղղակի, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանոււմ և Ադրբեջանում գոյություն չունի 20% ԱԱՀ, որը արդեն պայմաններ է ստեղծում ավելի մատչելի լինելու համար: Վրաստանում շատ ավելի դեղատեսակներ են գրանցված, քան Հայաստանում, արդյունքում և՛ մատչելության մասով, և՛ անհասանելության պատճառով մեծ տեղ են գտել Վարաստանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծվող դեղերը, որոնք հիմնականում գրանցված չեն Հայաստանում, ուստի կարելի է համարել, որ ապօրինի են ներմուծված, բայց դա չի նշանակում, որ դրանք կեղծ են, կամ թունավոր: Ցանկացած մարդ, ով գնում է հանգստանալու, կարող է գնել իր ղեղերը այնտեղից, շատ դեպքերում մարզերում հիմնականում փոքր դեղատները պատվիրում են նույնիսկ տաքսու վարորդներին : Այնտեղի կայարանի մոտ կոնկրետ մի քանի դեղատներ կան, որոնք աշխատում են են հենց հայերի վրա: Վարորդները ուղևորներ տեղափոխելուց հետո պատվեր են անում և քանի որ օրենքն էլ չի սահմանափակում հինգ տուփ անձնական օգտագործման համար դեղեր բերել, նրանք ամեն անգամ որոշ դեղեր են բերում իրենց հետ: Մենք դրա մասին անընդհատ ենք խոսում և խնդրում ենք Կառավարությանը և մաքսային մարմիններին, որպեսզի մեծ ուշադրություն դարնձնեն, քանի որ այդ տեղափոխման, պահպանման պայմանները կարող են վնասել դեղերը ու դա բերի անսպասելի ավարտների: Դրա համար էլ նոր օրենքում հատուկ պայմաններ են գրված, թե ինչպես տեղափոխել, պահպանել դեղերը, դրանք միջազգային ստանդարտներ են:

-Հայաստանում պոլիկլինիկայի բժիշկն անպայման ուղղորդում է հիվանդին, թե որ դեղատնից է անհրաժեշտ տվյալ դեղը ձեռք բերել: Ինչպե՞ս է նոր օրենքը սրա դեմ պայքարելու:

-Նախ ոչ բոլոր պոլիկլինիկաներն են այդպես, բայց նմանատիպ երևույթ գոյություն ունի: Երևի ինչ-որ մասով դա կկրճատվի նոր դեղատոմսերի ներմուծմամբ, որը կարող ինչ-որ ձևով համակարգել գործընթացը, քանի որ վրան չի կարելի գրել դեղի անունը, այլ պետք է գրվի ազդող նյութը և սպառողը ինքը դեղատոմսը ձեռքին պետք է որոշի, թե որ դեղը գնի: Նախկինում եղել են դեպքեր և մենք դրա մասին նույնպես խոսել ենք բավականին շատ, որ բժիշկները ազդող նութի փոխարեն գրել են դեղի անվանումը, դեռ մի բան էլ ասում են՝ գնա այսինչ դեղատուն, իմ անունը տուր և քեզ զեղչով էլ կտան, բայց արդյունքում դա ավելի շատ մոնտիտորինգի նման գործիք է, որպեսզի հետագայոււմ հաշվարկումներ անեն, թե որ բժիշկը ինչքան է գրել նման դեղատոմս և որքան բոնուսներ կարող է ստանալ: Նմանատիպ երևույթը գործում է ոչ միայն Հայաստանում, բայց այլ երկրների բժիշկները գոնե օրենք լսող են : Մեզ մոտ նման երևույթի դեմ գործիքներ, կարծես թե, չենք կարողանում գտնել, որովհետև դա երկու անձի խոսակցություն է փակ դռների հետևում ու դժվար է ապացուցել, որ բժիշկն ասել է՝ գնա այս դեղատուն: Դեռ չենք պատկերացնում, թե ինչպես կարելի է նմանատիպ երևույթի դեմ պայքարել:

 



loading...