Ճամբարակցի շվիահար. «Երազում եմ ինձ հեռուստացույցով ցույց տան, ծնողներս տեսնեն՝ հպարտանան»


Ճամբարակցի շվիահար. «Երազում եմ ինձ հեռուստացույցով ցույց տան, ծնողներս տեսնեն՝ հպարտանան»
Հուլիս 19 21:01 2019

12- ամյա Սոկրատն ապրում է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ գյուղում: Նա շատ շնորհալի տղա է, 7 տարեկանից շվի է նվագում, այժմ արդեն նաեւ դուդուկ եւ դհոլ, գրում է aravot.am-ը․

«Որոշել եմ, որ դպրոցն ավարտեմ, ընդունվեմ քոլեջ՝ ժողգործիքների բաժին, որպեսզի ուսումնասիրեմ ժողովրդական գործիքները: Փոքր ժամանակ նկարչական խմբակ եմ գնացել, սպորտով եմ զբաղվել, բայց ի վերջո հասկացել եմ, որ երաժշտությունն է իմը: Երազում եմ, որ իմ ծնողները, տատիկը, պապիկը, բարեկամներն ինձ հեռուստացույցով տեսնեն՝ արտասահմանում նվագելուց ու հպարտանան: Ուզում եմ, որ այդ երազանքս շուտ իրականանա: Ես չեմ մեծամտանում, որ դասատուս ինձ գովում է; Ես շատ համեստ եմ »:

Սոկրատը դուդուկով «Դլե Յաման» է կատարում, եւ ունկնդիրները հուզվում են նրա նվագից. «Մի քանի տարի առաջ Գյումրիում փառատոնի եմ մասնակցել՝ շվի եմ նվագել եւ երրորդ տեղը գրավել: Շուտով էլ մեկնելու եմ Վրաստան՝ միջազգային փառատոնի մասնակցելու, փորձելու եմ առաջին տեղը գրավել»: Սոկրատը շատ կուզեր, որ իր Ճամբարակի իր դպրոցում էլ երաժշտական բոլոր գործիքները լինեին, իսկ ուսուցիչներից շատ գոհ է.

« Ես իմ գյուղը սիրում եմ, ամեն մեկի համար իր գյուղը ամեն ինչից վեր է, ոչ մի տեղ ինձ այնքան երջանիկ չեմ զգա, ինչքան իմ գյուղում; Ես սիրում եմ մեր սարերը բարձրանալ ու այնտեղ շվի նվագել: Մենք սահմանամերձ ենք, գիտեմ, որ սահմանից այն կողմ Ադրբեջանն է, մեր սարերի հետեւում հայկական ու ադրբեջանական «պոստեր» են»: Սակայն Սոկրատի հոգում փշալարեր չկան. «Օրինակ, ինձ հետաքրքիր կլիներ այնտեղ ապրող մի երեխայի հետ դուետ նվագեի, ու երկուսով էլ ճանաչում ունենայինք, իրարից ինչ-որ բաներ սովորեինք… »: 

Աղբյուր՝ aravot.am