Դատարանը հետաձգեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությունը

Դատարանը հետաձգեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությունը
Հուլիս 19 15:30 2019

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի,  հուլիսի 19-ին հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վերաքննիչ բողոքը բերած դատախազը չի ներկայացել նիստին՝ պատճառաբանելով, որ այդ ժամին պետք է մասնակցի մեկ այլ գործի քննությանը:

 

Դատավոր Նիկողոսյանը  ընդմիջել է նիստը։ Այդ ընթացքում կապ է հաստատվել դատախազի հետ՝ ճշտելու համար նոր նիստ նշանակելու օրն ու ժամը, որպեսզի նա ներկա լինի։ Քննարկվել է նաև Ռոբերտ Քոչարյանի՝ նիստին ներկա լինելու ժամը։ Ըստ այդմ՝ սույն գործով հաջորդ նիստը կկայանա հուլիսի 24-ին, ժամը 12:00-ին։

 

2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել ինչպես նրա գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:

 

Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:

 

Դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 24-ը:

loading...