Սիսիանում պայթյունից մահացել է 74 տարեկան անձ. հարուցվել է քրգործ


Սիսիանում պայթյունից մահացել է 74 տարեկան անձ. հարուցվել է քրգործ
Հուլիս 19 15:19 2019

Սիսիանում 2019 թվականի հուլիսի 18-ին անհայտ անձը ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերելով մարտական դիրքի՝ տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից միջանցքի մետաղական դռան բռնակի դրսի հատվածին, որի արդյունքում տարածքի սեփանակատերը՝ Սիսիան քաղաքի 1945 թվականին ծնված բնակիչը, ժամը 05:40-ի սահմաններում անասուններին դուրս թողնելու նպատակով բացել է հիշյալ դուռը և առաջացած պայթյունից ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

 

 

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանն «Արմենպրես»-ին տեղեկացնում է, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումները, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



loading...