Վանեցյանն Իջևանում տեղի ունեցած ակցիան մի քանի քաղաքացիների կազմակերպած սադրանք է համարում


Վանեցյանն Իջևանում տեղի ունեցած ակցիան մի քանի քաղաքացիների կազմակերպած սադրանք է համարում
Հուլիս 18 19:55 2019

Իջևանում տեղի ունեցած ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք էր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 18-ին Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո  այս մասին հայտարարեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

 

 

«Երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ՝ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք: Մեր կողմից մարզ այցելելուց և խորհրդակցությունը անցկացնելուց հետո ամենևին չի նշանակում, որ այդ ամեն ինչը մոռացվելու է և մեղավորները չեն բացահայտվելու և պատժվելու: Այսօր կառավարության նիստի ընթացքում հնչեց 39 անձանց քանակ, ովքեր ակտիվ մասնակցել են նշված ակցիայի կազմակերպմանը: Նրանցից 19-ը բերման է ենթարկվել, այսօր ևս 2-3-ը բերման են ենթարկվել: Մի քանի անձինք,  ովքեր թաքնվում են իրավապահներից, համոզված եմ,  կամ ինքնակամ կներկայանան կամ կհայտնաբերվեն և կկանգնեն օրենքի առջև»,- ընդգծեց Վանեցյանը:

 

Նա նշեց, որ  Տավուշի մարզ իրենց այցելությամբ, ցանկացել են բնակիչների ուշադրությանը հրավիրել այն հանգամանքին, որ իրենց բարձրացված խնդիրները ստանալու են լուծում, որը բավարարելու է թե՛ պետությանը, թե՛ բնակիչներին:

 

 Վանեցյանը կոչ է անում հուլիսի 17-ին իրենց բողոքի ձայնը բարձրացրած Տավուշի մարզի բնակիչներին, որպեսզի նման արարքներ այլևս իրենց թույլ չտան և բոլոր ծագած հարցերը լուծեն մարզպետարանի և համայնքի ղեկավարների հետ բանակցությունների արդյունքում: «Համոզված եմ, որ թե՛ մարզպետարանը, թե՛ համայնքի պատասխանատուները հաստատ կգտնեն լուծում ստեղծված իրավիճակից»,- շեշտեց Վանեցյանը:

 

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ նշեց, որ համայնքային ղեկավարությունը, համայնքապետերը և ավագանիները պետք է ավելի ակտիվ և անմիջական մասնակցություն ունենան այս գործընթացների կազմակերպմանը, որովհետև նրանք ավելի լավ գիտեն համայնքի խնդիրները: