Զարեհ Սինանյանը սփյուռք առաջին այցի շրջանակում հյուրընկալվել է Ռուսաստանի հայերի միությունում


Զարեհ Սինանյանը սփյուռք առաջին այցի շրջանակում հյուրընկալվել է Ռուսաստանի հայերի միությունում
Հուլիս 18 19:20 2019

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 18-ին Մոսկվայում այցելել է Ռուսաստանի հայերի միության կենտրոնական գրասենյակ: Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը շրջել է գրասենյակում, ծանոթացել ՌՀՄ-ին կից գործող տարբեր կառույցների գործունեությանը և մասնակցել ՌՀՄ խորհրդի ընդլայնված նիստին: Հանդիպմանը միացել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ողջունելով գլխավոր հանձնակատարին՝ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը նշել է, որ բարձր է գնահատում Զարեհ Սինանյանի այցը, ապա հանդես է եկել մի շարք առաջարկներով:

 

«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ հայկական սփյուռքը չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, իսկ Ռուսաստանի հայ համայնքն առանձնանում է իր յուրահատուկ և բազմաբովանդակ պատմությամբ: Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ պետություն-սփյուռք հարաբերություններն արդեն գործընկերային են, և սփյուռքն իրեն իրավահավասար տեր պետք է զգա Հայաստանի Հանրապետությունում, տիրոջ աչքով նայի  իր հայրենիքին: «Սա աշխատատար գործընթաց է, մեծ ջանքեր է պահանջում, մենք նախ և առաջ պիտի լավ ճանաչենք սփյուռքը: Այն բազմազան է, բարդ: Մեր աշխատանքը լինելու է համառ և տքնաջան, որպեսզի արդյունքները հիասթափեցնող չլինեն: Առանց միացյալ ջանքերի ես չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք: Միակ բանը, որը կարող է բոլորիս միավորել, պետականության գաղափարախոսությունն է»,-նշեց Զարեհ Սինանյանը:

 

Անդրադառնալով հնչեցված առաջարկներին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ տարաբնույթ հավաքներ անցկացվելու են, ստեղծվելու են հարթակներ, կազմավորվելու են խորհուրդներ, որոնք լինելու են և՛ համահայկական, և՛ առանձին մասնագիտական ոլորտների համար: Զարեհ Սինանյանը կարևորեց մասնագիտական հայրենադարձությունը, սփյուռքի կադրերի ներգրավումը հայաստանյան կյանքին, միևնույն ժամանակ ընդունեց այն առաջարկը, որ Հայաստանը ևս պիտի սփյուռքի որոշ մասնագետների վերապատրաստումներ իրականացնի: Հանձնակատարը նշեց, որ գրասենյակը համակարգման գործառույթ ունի, և պետք է համակարգի նաև սփյուռքի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը խուսափելու համար ռեսուրսների վատնումից կամ կրկնությունից: «Սփյուռքը հզոր է, և մենք պետք է օգտագործենք այդ հզորությունը և՛ ի շահ Հայաստանի, և՛ ի շահ սփյուռքի»:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՌԴ հայ համայնքի ներկայիս վիճակին, նրա առաջ ծառացած մարտահրավերներին, կարևորվեց համայնքի կապը պատմական հայրենիքի հետ և համագործակցությունը համայնքային կառույցների հետ:

 

Այնուհետև Զարեհ Սինանյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

 

Հիշեցնենք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային հնգօրյա այցով գտնվում է ՌԴ մայրաքաղաքում: Սա գլխավոր հանձնակատարի առաջին այցն է սփյուռք: Նախատեսվում են հանդիպումներ համայնքային կառույցների ու կազմակերպությունների, անհատների, գործարար, մշակութային և եկեղեցական շրջանակների ներկայացուցիչների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:



loading...