Ամերիկայի Հայկական համագումարը բարձր է գնահատել կոնգրեսական Ջեքի Շպայերի կատարած աշխատանքը


Ամերիկայի Հայկական համագումարը բարձր է գնահատել կոնգրեսական Ջեքի Շպայերի կատարած աշխատանքը
Հուլիս 17 22:28 2019

 Ամերիկայի Հայկական համագումարը 2019թ. Ազգային համաժողովի և գալա-համերգի ընթացքում իր երախտագիտությունը կհայտնի ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Շպայերին՝ Հայաստանին ուղղված օգնության հարցում նրա կատարած աշխատանքի համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են Ամերիկայի Հայկական համագումարի մամուլի ծառայությունից:

 

 

«Ամերիկայի Հայկական համագումարը հպարտորեն իր երախտագիտությունն է հայտնում կոնգրեսական Ջեքի Շպայերին, որն օրինակ կարող է լինել բոլոր ամերիկացիների համար: Նրա սատարումը ժողովրդավարական Հայաստանին ամբողջովին համապատասխանում է Հայաստանի հիմնական արժեքներին, ինչպես նաև համագումարի առաքելություններին՝ աջակցելու ժողովրդավարությանը»,- հայտնել է համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

 

Հունիսի 13-ին ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Շպայերը կոչ է արել 40 մլն դոլարով ավելացնել Հայաստանին տրվող աջակցությունը:

 

«Ես բարձր եմ գնահատում Ամերիկայի Հայկական համագումարի կարևոր աշխատանքը, որն ուղղված է ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Հայաստանը ունեն շատ ուժեղ ժողովրդավարական միացյալ արժեքներ, որոնք էլ շարժառիթ են դարձել իմ կոչի համար: Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների լավագույն օրերը դեռ առջևում են, քանի որ մենք աշխատում ենք միասին, որպեսզի կառուցենք բարգավաճ ու ժողովրդավար Հայաստան»,- նշել է Շպայերը:

 

Իր պաշտոնավարման ողջ ընթացքում Շպայերն անընդհատ աշխատել է այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանն ու Արցախը մնան Կոնգրեսի օրակարգի առաջնահերթությունների շարքում: