Հայկական խաղողի ու լոլիկի որակը կստուգվի նոր մակարդակում


Հայկական խաղողի ու լոլիկի որակը կստուգվի նոր մակարդակում
Հուլիս 17 20:16 2019

Առաջին անգամ հայկական մրգի և բանջարեղենի որակը կստուգվի բերքը հավաքելուց անմիջապես հետո։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՍԱՊԾ–ին առընթեր Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը։

Այդ նպատակով պետբյուջեից 45 մլն դրամ կհատկացվի։ Բերքի նմուշները կստուգվեն հանրապետության տարբեր գյուղերում, ընդ որում. կստուգվեն ոչ միայն մրգերն ու բանջարեղենները, այլ նաև միսը, կաթն ու մեղրը։

Նմուշներում կստուգվի վնասատուների առկայությունը, պեստիցիդների (նյութ, որն օգտագործվում է բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի ոչնչացման համար) և քիմիական պարարտանյութերի պարունակությունը։

«Դա թույլ կտա մանրամասնորեն կազմել հանրապետության բուսասանիտարական քարտեզը»,-ավելացրեց Նիկոյանը։

Հարցը ոչ միայն այն է՝ օգտագործե՞լ արդյոք քիմիկատներ, թե ոչ, այլ՝ ինչպես դրանք օգտագործել, եթե առանց դրանց հնարավոր չէ։ Հայաստանում այսօրվա դրությամբ մի քանի հարյուր թունաքիմիկատ է գրանցված, սակայն քչերը գիտեն, թե ինչպես է պետք դրանք օգտագործել։

Որոշ դեպքերում ճիշտ թունաքիմիկատ են ընտրում, սակայն կիրառում սխալ ժամանակ՝ կամ շատ վաղ, կամ շատ ուշ, ինչն ամբողջությամբ չեզոքացնում է դրա արդյունավետությունը։

Գյուղնախարարությունը, որն այժմ ընդգրկվել է Էկոնոմիկայի նախարարության կազմում, հանրապետության երկու գյուղերում ծրագիր է իրականացրել, որի ընթացքում գյուղատնտեսները մանրամասն բացատրել են, թե ինչ պեստիցիդներ և երբ է պետք կիրառել։

Այս մասին պատմեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության մշակաբույսերի արտադրություն բուսաբուծության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը։

Մասնագետի խոսքով՝ շատ կարևոր է վնասատուների դեմ պայքարին զուգահեռ գյուղացիների իրազեկվածության մակարդակը բարձրացնելը, այլապես այդ վնասատուները պարզապես մի տարածքից մյուսն են տեղափոխվելու։

Նշենք, որ թարմ միրգն ու բանջարեղենը Հայաստանից արտահանվող գլխավոր ապրանքախմբերից են։ Տարեկան շուրջ 60 մլն դոլարի արտահանումն իրականացվում է հիմնականում դեպի Ռուսաստան։

armeniasputnik.am