Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է. Լավրով


Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է. Լավրով
Հուլիս 17 19:20 2019

Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Արգումենտի ի Ֆակտի» թերթին տված հարցազրույցում այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում ընթացող  գործընթացները:

 

 

Նա ասել է, որ Ռուսաստանը, բնականաբար, անտարբեր չէ Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, քանի որ խոսքը եղբայրական ժողովուրդների մասին է, որոնց հետ կապում է փոխհարաբերությունների տևական պատմությունը, այդ թվում` մեկ պետությունում ապրելը:

 

«Ցավոք, ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Արևմուտքը հավատում է, որ պատմության վերջն եկել է, և այժմ իրեն իրավունք է վերապահել կոպտորեն միջամտել այս կամ այն պետությունների գործերին, ղեկավարել ներքաղաքական գործընթացները։ Որպես նման միջամտության օրինակ է կարող եմ նշել Ուկրաինան»,- ասաց Լավրովը:

 

ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, սակայն, որ Հայաստանում իրավիճակն այլ է:

 

«Այս երկիրը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է, որի հետ հաստատվել են ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Ինտենսիվ է քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը խորհրդարանական գծում, ինչպես նաև միջազգային ասպարեզում: Ռուսաստանը  Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը դինամիկ զարգանում են»,- ասել է Լավրովը: