ՀՀ ԱԻՆ-ը Բաթումում շնորհակալագրեր է հանձնել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ


ՀՀ ԱԻՆ-ը Բաթումում շնորհակալագրեր է հանձնել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ
Հուլիս 17 18:50 2019

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հուլիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շնորհակալագրերի հանձնման արարողություններից վերջինը՝ Փոթի քաղաքի մի խումբ ներկայացուցիչներին և հետմահու արժանացածների հարազատներին (մարտին համանման արարողությամբ շնորհակալագրեր են հանձնվել Գուրիայի երկրամասի, ապրիլին՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության ներկայացուցիչներին):

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհակալագրերը հանձնելով՝ ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանն իր ելույթներում, մասնավորապես, նշել է, որ մեծածավալ ավերածությունների կապակցությամբ Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին բազմաթիվ երկրների կառավարություններ, կազմակերպություններ և անհատներ, առաջինների թվում՝ Վրաստանի ներկայացուցիչները: Նա նաև ընդգծել է , որ ՀՀ  կառավարությունը քայլեր է ձեռնարկում երկրաշարժի հետևանքները վերջնական վերացնելու համար և սերունդների հիշողության մեջ պահելու միջազգային հանրության կողմից ցուցաբերված բազմակողմանի օգնության բարձր մարդասիրական արարքը:

 

Շնորհակալագրերի հանձնման արարողությունները զուգորդվել են աղետի գոտու քաղաքների անցյալին, ներկային և ժամանակակից Հայաստանին նվիրված ֆիլմերի ցուցադրությամբ և ընդունելության կազմակերպմամբ:

 

2018թ. դեկտեմբերին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված հիշատակի միջոցառումների շրջանակում շնորհակալագրերի է արժանացրել Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների, որոնք մասնակցել են երկրաշարժի հետևանքները վերացնելու գործին, այդ թվում՝ Աջարիայի ԻՀ, Գուրիայի երկրամասի և Փոթի քաղաքի ներկայացուցիչների: