ՀՀ ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդում Կրասնոդարի երկրամասում չորս հայի կյանք խլած ՃՏՊ-ի մասին


ՀՀ ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդում Կրասնոդարի երկրամասում չորս հայի կյանք խլած ՃՏՊ-ի մասին
Հուլիս 17 18:07 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահից հուլիսի 17-ին, ժամը 16:13-ին տեղեկություն է ստացել, որ  հուլիսի 16-ին, ժամը 23:30-ին Մ-4 «Դոն» դաշնային ավտոճանապարհի 1453-րդ կմ-ին՝ Արխիպո-Օսիպովկա-Տեշեբս հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Մ., ծնված 1987թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. վարորդը և ուղևորներ՝ Դ.Մ.-ն (ծնված 1991 թ.), Մ.Մ.-ն (ծնված 2012 թ.) և Զ.Մ.-ն (ծնված 2014 թ.), տեղում մահացել են:

 

Ավելի վաղ Kubnews.ru-ն տեղեկացրել էր, որ Ռուսաստանում ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել են 4 հայեր, նրանցից երկուսը երեխաներ են:

 

Ըստ աղբյուրի՝ «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը հուլիսի 16-ին ժամը 23։40-ին  Ջուգբա գյուղից շարժվել է դեպի Կրասնոդարի Գելենջիկ քաղաք: Մ-4 «Դոն» մայրուղու 1453-րդ կիլոմետրին վարորդը կորցրել է կառավարումը, մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վթարի արդյունքում զոհվել է 4 մարդ:

 

Վթարից զոհված անձինք եղել են Հայաստանից: Ինչպես լրատվամիջոցին հայտնել է օպերատիվ ծառայության աղբյուրը՝ վթարի զոհ է դարձել հայ ընտանիք՝ 32-ամյա ամուսինը, 28-ամյա կինը և նրանց 7 ու 5 տարեկան աղջիկները:

 

Լուսանկարը՝ «Kubnews.ru»-ի