Վեթինգ՝ ԱԺ աշխատակազմում․ «Հրապարակ»


Վեթինգ՝ ԱԺ աշխատակազմում․ «Հրապարակ»
Հուլիս 16 08:34 2019

«Հրապարակ»-ը գրում է․ 

«Շաբաթ օրը Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Ի թիվս այլ հարցերի,  օրակարգում է եղել նաև «ԱԺ աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը» փոխելու հարցը։ 

 

Քննարկումն անցել է թեժ մթնոլորտում,  «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանն իմքայլականներին մեղադրել են ԱԺ աշխատակազմի «անցանկալիներից» ազատվելու և այն յուրայիններով համալրելու մեջ։ Որոշմանը կողմ է քվեարկել «Իմ քայլի» 9 անդամ, 2 դեմ՝ ԼՀԿ-ից, իսկ ԲՀԿ-ն ձեռնպահ է եղել։

 

Ընդունված որոշման համաձայն՝ իրավական և տնտեսական փորձաքննության բաժինները կմիավորվեն, կձևավորվի նոր բաժին՝ «Փորձագիտության և վերլուծության վարչություն» անունով։ Իշխանականների փաստարկը եղել է այն, որ ոչ մի լուրջ իրավաբան կամ տնտեսագետ ԱԺ-ում չի համաձայնի 100 հազար դրամով աշխատանքի անցնել, ուստի պետք է վարչություն ձևավորել և հրավիրել բարձր աշխատավարձով պրոֆեսիոնալների։ 

 

Դոնոր կազմակերպությունների միջոցով էլ կհոգան աշխատավարձերի հարցը։ Առաջարկվել է ընդդիմադիրներին՝ ներկայացնել նախագիծ, չափորոշիչներ, որոնց հիման վրա կձևավորվի նոր վարչությունը, սակայն ԼՀԿ-ականները պնդել են իրենցը՝ նույնիսկ այն բանից հետո, երբ ասվել է, որ խոշորամասշտաբ ատեստացիա կանցկացվի։ 

 

Ըստ որոշման՝ ԱԺ անձնակազմի կառավարման վարչությունը կվերանվանվի մարդկային ռեսուրսների կառավարման, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հասարակայնության հետ կապի և հաղորդակցության, քաղաքացիների ընդունելության և նամակների բաժինը կմիանա ընդհանուր բաժնի հետ՝ կկոչվի քաղաքացիների ընդունելության և փաստաթղթաշրջանառության վարչություն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...