Սերենա Ուիլյամսը Harper's Bazaar ամսագրի նոր համարում հանդես է եկել նոր ֆոտոշարքով, որտեղ լուսանկարները մշակման չեն ենթարկվել


Սերենա Ուիլյամսը Harper's Bazaar ամսագրի նոր համարում հանդես է եկել նոր ֆոտոշարքով, որտեղ լուսանկարները մշակման չեն ենթարկվել
Հուլիս 14 23:33 2019

Ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Harper's Bazaar ամսագրի նոր համարում հանդես է եկել նոր ֆոտոշարքով, որտեղ լուսանկարները մշակման չեն ենթարկել: Երկրպագուները նրան «ոգեշնչման աղբյուր» են անվանել, գրում է Insider-ը:

 

Մասնավորապես, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող թենիսիստուհին հեղինակավոր ամսագրի 2019 թվականի օգոստոսյան համարի դեմքն է դարձել, և ինչպես շապիկի լուսանկարը, այնպես էլ ամսագրի բոլոր լուսանկարները մշակման չեն ենթարկվել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սերենա Ուիլյամսը հերթական անգամ ապացուցեց, որ չեմպիոն է ինչպես թենիսի հրապարակում, այնպես էլ դրանից դուրս: Այս անգամ իր կերպարով նա փորձել է փառաբանել բնական գեղեցկությունը և ուժը:

 

«Կանանց ուժը և գեղեցկությունը նշանավորելու համար Harper's Bazaar-ը նկարները կներկայացնի այնպես, ինչպես կա, այսինքն՝ առանց մշակման»,- հայտնել է ամսագրի ներկայացուցիչը:

37-ամյա Սերենա Ուիլյամսը ֆոտոշարքում կրում է Stella McCartney նորաձևության տան զգեստ և Tiffany & Co ականջօղեր և մանյակ:

Թենիսիստուհու այս ֆոտոշարքը դրական արձագանքների է արժանացել հանրության կողմից:

«Հիանալի, քաջ, համարձակ: Իսկական ոգեշնչման աղբյուր»- Instagram-ում մեկնաբանել է օգտատերերից մեկը:

Նշենք, որ թենիսիստուհին ամուսնացած է Reddit ընկերության հիմնադիր, միլիոնատեր, ազգությամբ հայ Ալեքսիս Օհանյանի հետ: Զույգն ամուսնացել է 2017 թվականին: Նրանց առաջնեկը՝ Օլիմպիա Օհանյանը, ծնվել է 2017թ. սեպտեմբերի 1-ին: