Ղուլյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար Գի Տեսիեին


Ղուլյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար Գի Տեսիեին
Հուլիս 14 15:34 2019

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը հուլիսի14-ին Ազգային տոնի առթիվ շնորհավորական նամակ է ուղարկել «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գի Տեսիեին:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նամակում, մասնավորապես, ասվում է.

 

 «Հարգելի պարոն Տեսիե,

 

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։

 

Մեծագույն արժեքներն ազգություն չունեն. դրանք բոլորինն են՝ բոլոր ժամանակներում ու բոլոր աշխարհամասերում։ Այս առումով 1789 թվականի հուլիսի 14-ը բեկումնային էր ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև համաշխարհային պատմության մեջ՝ նոր ու բացարձակ իմաստ հաղորդելով ազատության, հավասարության և եղբայրության գաղափարներին։

 

Հենց այս արժեքների ընկալումն է, որ միավորում է մեր ժողովուրդներին։ Ու այսօր էլ, Բաստիլից հազարավոր կիլոմետրեր այս կողմ, Արցախի ժողովուրդը սեփական հանձնառությամբ պահում է Եվրոպայի ազատության արևելյան դարպասը։

 

Մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում չափազանց կարևորում եմ «Ֆրանսիա-Արցախ» և  «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակների գործունեությունը և համոզված եմ, որ անկախ խոչընդոտներից՝ մեզ կհաջողվի առաջ տանել մեր համատեղ օրակարգը։

 

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ֆրանսիական Հանրապետության Ազգային տոնի առթիվ ու հղում լավագույն մաղթանքներս»: