Բնակարանային ծրագրերից մինչև գյուղատնտեսություն. Գրիգորի Մարտիրոսյանը Մարտունու շրջանում էր


Բնակարանային ծրագրերից մինչև գյուղատնտեսություն. Գրիգորի Մարտիրոսյանը Մարտունու շրջանում էր
Հուլիս 14 13:11 2019

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 13-ին այցելել է Մարտունու շրջան՝ ծանոթանալու պետական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, շրջկենտրոնում հրավիրած խորհրդակցությանը, որին մասնակցում էին գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը, աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ, քննարկվել են հիմնականում քաղաքաշինության ու գյուղատնտեսության բնագավառներին առնչվող հարցեր:

Գրիգորի Մարտիրոսյանը, խոսելով սոցիալական տարբեր խմբերի նկատմամբ պետության ունեցած պարտավորությունների մասին, ընդգծել է բնակարանային խնդիր ունեցող քաղաքացիների հերթացուցակները կարճ ժամանակահատվածում ճշգրտելու անհրաժեշտությունը:

Վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանն ի պատասխան պետնախարարի դիտարկման նշել է, որ բնակարանային հարցերով հանձնաժողովի վարչակազմում տեղի ունեցած հերթական նիստում առաջնահերթ է որակվել 14 բնակարանի տրամադրումը զոհված ազատամարտիկների, իսկ 3-ը՝ առաջին կարգի հաշմանդամություն ունեցողների ընտանիքներին:

Պետնախարարը պահանջել է բնակարանային այս ու խնդրահարույց՝ Մարտունու վթարային շենքերի շուրջ հստակ առաջարկություններով հանդես գալ մեկ շաբաթվա ընթացքում:

Պետական նախարարը բարձրացրել է նաև կենսական նշանակության խմելու ջրի և ճանապարհների խնդիրները, համայնք առ համայնք ճշտել՝ որ համայնքում ինչ ծավալի աշխատանքի կարիք կա:

 Խորհրդակցության ընթացքում Գրիգորի Մարտիրոսյանը քննարկել է նաև գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Շրջանում ևս ավարտվում է բերքահավաքը՝ բերքի տակ էր 14 220 հա, հնձման ենթակա տարածքներից  մնացել է մոտ 722 հա: Ցորենի և գարու բերքատվությունը միջինից ցածր է, երաշտի պատճառով հողի մշակի ակնկալիքները չեն արդարացել հնդկացորենից, կտավատի բերքատվությունն էլ գնահատում են բավարար:

«Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը պետական նախարարին է ներկայացրել անասնաբուծության, հատկապես, խոզաբուծության ոլորտում առկա խնդիրները: Շրջանի մի քանի բնակավայրերում մենատնտեսները շարունակում են անտեսել մասնագետների հորդորներն ու անասունները պահել բաց պահվածքով: Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարել է դիմել խիստ միջոցների՝ հաշվի առնելով ԽԱԺ վարակի բռնկման վտանգը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Խորհրդակցության ավարտին հաջորդել է պետական նախարարի շրջայցը քաղաքի գլխավոր շինհրապարակներից մեկը: Պետական պատվերով շարունակվում է բազմաբնակարան թաղամասի շինարարության երկրորդ փուլը: Եվս 92 բնակարան կտրամադրվի սոցիալական տարբեր խմբերի և հիպոթեքային մատչելի պայմաններով՝ երիտասարդ ընտանիքներին: Շինարարությունն իրականացնող «Ֆերզիտ» ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանը վստահեցրել է, որ կարճ ժամանակահատվածում կավարտվեն ներքին և արտաքին հարդարման աշխատանքները: Գրիգորի Մարտիրոսյանը անձամբ է ստուգել աշխատանքների որակը, իսկ շենքերից մեկի նկուղային հարկում ծանոթացել ռմբապաստարանի կառուցման ընթացքին:

 

Մարտունիում շարունակվում է նաև ճանապարհների սալարկման աշխատանքները: Պետնախարարը  ճանապարհաշինության ծրագիրը արդյունավետ է գնահատել՝ պատասխանատուներից պահանջելով ապահովել աշխատանքների բարձր որակը:

Հագեցած աշխատանքային օրվա հանդիպումները նաև հողօգտագործողների հետ էին: Բերդաշենի դաշտերում Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է ծխախոտի, խաղողի և նռան մշակությամբ զբաղվող մենատնտեսների հետ, ովքեր փորձում են քայլ կատարել դեպի տեխնոլոգիապես բարձր գյուղատնտեսություն: Պետական աջակցությունն այս բնագավառում խորքային հորերի կառուցման, էլեկտրաէներգիայի սուբսիդավորման, մթերման և այլ հարցերում է:

Երեկոյան պետական նախարարը այցելել է նաև Տիգրանակերտի քարի մշակման արտադրամաս, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին ու արտադրական հնարավորություններին: