Ինչ մեսիջ է հղում դատախազը վարչապետին՝ Մատաղիսի գործը վերաբացելով


Ինչ մեսիջ է հղում դատախազը վարչապետին՝ Մատաղիսի գործը վերաբացելով
Հուլիս 13 00:01 2019

Իշխանական կուլիսներում հետաքրքիր զարգացումներ է տեղի ունենում: Սկսվել է մի գործընթաց, որի առանքում Ազգային անվտանգության ծառայությունն է եւ Գլխավոր դատախազությունը: Այսօր Դատախազությունից պաշտոնապես հայտարարել են, որ 16 տարի առաջ Մատաղիսում երկու զինվորի սպանության դեպքի կապակցությամբ  քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ:

Չի բացառվում, որ այս գործի վերաբացմամաբ ԱԱԾ-ն ու Դատախազությունը մեսիջ են հղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին:  Բանն այն է, որ Մատաղիսի դեպքերի ժամանակ զինվորական դատախազը Գագիկ Ջահանգիրյանն էր, որի պաշտոնավարման ընթացքում այդպես էլ դեպքի առնչությամբ որեւէ ուշագրավ բացահայտում չեղավ:

Գագիկ Ջահանգիրյանը հարում է օրվա իշխանության գաղափարները: Մամուլն էլ ժամանակ առ ժամանակ հրապարակումներ է անում, որ Ջահանգիրյանը կարող է նշանակվել այս կամ այն պաշտոնին: Լավատեղյակներն ասում են, որ ինքը՝ Ջահանգիրյանը դեմ չէ որեւէ իրավապահ կառույցում բարձր պաշտոն զբաղեցնելուն: Խոսվում է նաեւ, որ Արթուր Դավթյանը կարող է հրաժեշտ տալ իր պաշտոնին: Ստացվում է, որ գլխավոր դատախազն էլ իր հերթին իրեն ապահավոգրելու անհրաժեշտություն ունի: Հիմա ստացվում է, որ իրավապահ համակարգից Նիկոլ Փաշինյանին անուղղակի հասկացնում են, թե ինչ հետեւանքներ կունենա Ջահանգիրյանին որեւէ պաշտոնի նշանակելը: 

Հիշեցնենք, որ Մատաղիսի աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել 2003 թվականին։ Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանը և Հովսեփ Մկրտումյանը քաղցրավենիք գնելու նպատակով դուրս են եկել զորամասից և չեն վերադարձել։ 15 օր անց երկու զինծառայողների դիակները գտել են Մատաղիսի ջրանցքում։ 2005թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր է ճանաչել նույն զորամասի զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին և նրանց դատապարտել է 15 տարի ազատազրկման։ 2006-ին Վերաքննիչ դատարանը խստացրել էր պատիժը՝ նրանց դատապարտելով ցմահ ազատազրկման, այնուհետև Վճռաբեկ դատարանը դեկտեմբերին բեկանել էր դատավճիռները եւ գործն ուղարկել նոր նախաքննության, եւ մեկ տարի անց երեք տղաները կրկին գործում ներգրավվեցին որպես մեղադրյալ:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն արդարացման վճիռ կայացրեց. նախկին ամբաստանյալները անմեղ  ճանաչվեցին՝  ապացույցների անբավարարության հիմքով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ 2016թ. մարտի 17-ի որոշմամբ ճանաչել է  Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) եւ 5-րդ (Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումները: ՄԻԵԴ որոշմամբ ՀՀ կառավարությանը, որպես բարոյական վնասի փոխհատուցում նախկին ամբաստանյալներին վճարել է 50 000 եվրո։

 

 



loading...