Պատասխանատու եք ծառայել կրկնակի երդման ներքո. Փաշինյանը՝ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին


Պատասխանատու եք ծառայել կրկնակի երդման ներքո. Փաշինյանը՝ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին
Հուլիս 12 21:52 2019

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրում հուլիսի 12-ին կայացավ ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակին նվիրված տոնակատարությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստը նշանավորվեց շրջանավարտների՝ Հիպոկրատի երդումով, որից հետո տեղի ունեցավ ավանդույթ դարձած դիպլոմների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց շրջանավարտներին և ասաց, որ խիստ խորհրդանշական է ավարտել բժշկական համալսարանը և հագնել զինվորական համազգեստ, խիստ պատասխանատու է ծառայել կրկնակի՝ Հիպոկրատի և զինվորական ծառայության երդման ներքո:

 

«Եվ այս պատասխանատվությունը եռակի մեծանում է մեկ ուրիշ հանգամանքով: Ընդհանրապես՝ Հայաստանում, հայ ժողովրդի շրջանում յուրաքանչյուր բժիշկ հիվանդի հետ առնչվելիս զգում է նրա ընտանիքի շատ ուժեղ ճնշումը: Ռազմաբժշկական գործի մասնագետների համար այդ ճնշումը տասնապատիկ է: Հետևաբար, մեր այս շրջանավարտները, ովքեր որոշում են կայացրել  միանգամից կրկնակի երդման և կրկնակի համազգեստի ներքո ծառայություն ստանձնել, այս մարդիկ աներկբա ուժեղ և պատասխանատու են, և նրանց ցանկանում եմ պատվով կատարել իրենց պատասխանատու առաքելությունը»,- ասաց Փաշինյանը:

 

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ այս համալիրը ռազմական փառքի  հիշողություն կրող է, որտեղ բուժվել են բազմաթիվ հայ հերոսներ:

 

«Սիրելի ուսանողներ, այսօր ավարտելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, դուք մտնում եք մեծ և դժվար կյանք: Խիստ քննություններ հաղթահարելուց հետո դուք կարողացաք ապացուցել ձեր կարգապահական, արհեստավարժ և խիզախ կեցվածքը: Եղիր առաջինը, որովհետև առաջինը իրավունք չունի սխալվելու և վրիպելու»,- ասաց Մուրադյանը:

 

Նա վստահեցրեց վարչապետին, որ այս շրջանավարտները կարող են լինել առաջինը:

 

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ շրջանավարտները ոչ միայն առաջինն  են, այլ նաև անելու են առավելը, քան կարող են: « Դուք կարող եք առավել, քան հնարավոր է: Ձեզնից շատ սպասումներ կան»,- ասաց Տոնոյանը:

 

ԵՊԲՀ-ն 2018-2019 ուսումնական տարում ունի 923 շրջանավարտ, որոնցից 27-ը ռազմական բժիշկներ են: Ավարտական երեկոյի ընթացքում ցուցադրվեցին տեսաֆիլմեր համալսարանի վերջին ուսումնական տարում գրանցած մի շարք հաջողությունների մասին:

 

Միջազգային կրթական օջախ լինելու ավանդույթին հավատարիմ մնալով՝ բժշկական բուհը 2018-2019 ուսումնական տարում ընդունել է 1200 ուսանող, որոնց թվում` 36 երկրներից 300-ից ավելի օտարերկրացիների: Նշված ժամանակահատվածում մասնագիտական կյանք է ճանապարհվել 1008 ուսանող:

 

Արդիականացնելով բժշկական սիմուլյացիոն կենտրոնները, հաջողվել է սովորողների առաջադիմությունը բարձրացնել 4,7 տոկոսով: Բազմաթիվ ձեռքբերումների կողքին պետք է առանձնացնել գիտության բնագավառում Հայաստանի և ԵՊԲՀ-ի հաջողությունը՝ HORIZON 2020 TWINNING ծրագրում հաղթող ճանաչվելն ու 1 միլիոն դոլարի դրամաշնորհի արժանանալը: Բժշկական համալսարանը ստացել է նաև միջազգային ինստիտուտցիոնալ հավատարմագրում, դարձել է ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն, իսկ ԵՊԲՀ-ի դիպլոմը ճանաչվել է ևս մեկ երկրի՝ Շրի Լանկայի կողմից: Կարևորելով միջազգայնացման գործընթացը՝ Բժշկական համալսարանը մեկ տարվա ընթացքում ընդունել և պատվով ճանապարհել է աշխարհի հայտնի համալսարաններից 35 պրոֆեսորի, 7 պատվավոր դոկտորի և 3 նոբելյան մրցանակակրի: Ամենօրյա և արգասաբեր աշխատանքի շնորհիվ բժշկական բուհն ավելացրել է սեփական կապիտալը 206 տոկոսով:

 

Շուրջ 8000 ուսանողից և 3200 աշխատակցից բաղկացած 11000 հոգանոց առողջ ընտանիքով այս ամենը կյանքի է կոչվել ընդամենը 365 օրում: Ծրագրվել է համալսարանական հիվանդանոցները հագեցնել ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև մեծ ուշադրության արժանացնել մանկաբուժության խնդիրները: