Էրեբունու անտառպետության տարածքի պատշաճ պահպանությունը չիրականացնելու փաստով հարուցվել է քրգործ


Էրեբունու անտառպետության տարածքի պատշաճ պահպանությունը չիրականացնելու փաստով հարուցվել է քրգործ
Հուլիս 12 14:50 2019

 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից  ծառայողական պարտականությունները չարաշահելու արդյունքում չի կատարվել Էրեբունու անտառպետության նշված անտառային տարածքի պատշաճ պահպանությունը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս: Այդ առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

 

««ԷկոԼուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ Երևանի նախկին անտառտնտեսության Էրեբունու անտառպետության  տարածքում անտառապատման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման և Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման համար անտառային հողերից հողատարածք հատկացնելու օրինականությանը ստուգելու նպատակով՝ ներկայացնելով հասակական նախաձեռնություն հանդիսացող «Բնապահպանական հանրային դատարանի» դատական նիստի վճիռը /արձանագրությունը/:

 

Դիմումը և համապատասխան փաստաթղթերը 29․04․2019թ.Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության միջոցով ուղարկվել էր ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին՝դրանց հիման վրա քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

 

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի 550-Ն որոշմամբ պետական պահուստային ֆոնդից ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին է փոխանցվել 59 մլն ՀՀ դրամ՝ Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքների, ոռոգման ցանցի անցկացման և ցանկապատման համար։

 

Հիշյալ աշխատանքների իրականացման կապակցությամբ ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել են կապալային աշխատանքների կատարման պայմանագրեր:Սակայն հետագայում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից  ծառայողական պարտականությունները չարաշահելու արդյունքում չի կատարվել նշված անտառային տարածքի պատշաճ պահպանությունը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս:

 

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, նշվածի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

 

Սկսվել է նախաքննություն: Լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության առարկա է դառնալու նաև տրամադրված միջոցների նպատակային ծախսման, պայմանագրային պարտավորությունների փաստացի կատարման իրական հանգամանքները, որոնց արդյունքում համապատասխան պաշտոնատար անձանց գործողություններին կտրվեն համարժեք իրավական գնահատականներ։

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ: