«Գազպրոմի» եւ կառավարության «արանքում»․ տնտեսվարողները աշխատում են վնասով


«Գազպրոմի» եւ կառավարության «արանքում»․ տնտեսվարողները աշխատում են վնասով
Հուլիս 12 17:05 2019

Փետրվարի 15-ի կառավարության նիստում որոշում ընդունվեց համաձայն, որի բնական գազի համար որոշվեց չափման նոր միավոր սահմանել՝ խորանարդ մետրը փոխարինել կիլոգրամներով։ Թավշյա հեղափոխականների համոզմամբ՝ այս փոփոխությունը թույլ էր տալու սպառողներին ազատվել վաճառողների խաբեությունից, բացի այդ գործադիրում հաշվարկներ էին արել, որ փոփոխության արդյունքում գազի գինը կէժանանա։

Հետագա ամիսները ցույց տվեցին, որ գազի գնի փոփոխություն իրականում տեղ ունեցավ, սակայն ոչ թե էժանացում, այլ հակառակը՝ թանկացման տեսքով։ Բացի այն, որ կառավարության փոփոխության հետեւանքով տուժեցին շարքային ապառողները, այլեւ փոփոխության արդյունքում տնտեսվարողները ունենում են գազի կորուստ, ինչն էլ իր հերթին վնասում է տվյալ ընկերությանը։ Մեզ որոշ տնտեսվարողներ իրենց դժգոհությունն են հայտնել կատարվածի առնչությամբ, նշելով, որ կառավարությունում հնարավոր ռիսկերը  հաշվի չեն առել, եւ փոփոխություն կատարելուց ցուցաբերել են շտապողականություն։ Միաժամանակ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շարունակում է տնտեսվարողներին գազը վաճառել խորանարդ մետրով, իսկ կառավարության որոշումն էլ ստիպում է  սպառողներին վաճառել կիլոգրամով։

Հիշեցնենք, որ կառավարության  նիստի ընթացքում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր, թե նախագծի ընդունման նպատակը գազով շահագործող ավտոմեքենաների շուրջ 700 000 սեփականատերերի իրավունքների պաշտպանությունն է։

 «Մենք տարբեր ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ գազը հաշվարկվում է ճնշումով, բայց այն կարող է տարբեր ծավալներ ունենալ, դրա համար ասում ենք, որ գազը պիտի հաշվարկվի կիլոգրամով ու հարկը վճարվի կիլոգրամով»,– շարունակել էր վարչապետ  Փաշինյանը։

  Հաշվի առնելով տնտեսվարողների դժգոհությունները կարելի է փաստել, որ հայրենի կառավարությունում «աչքը սարքելու փոխարեն ունքն էլ հետը հանեցին»։ Այլ կերպ ասած ուզում էիք լավ, ստացվեց՝ ինչպես միշտ։