Խոշոր ավտովթար Երևանում. կա 2 զոհ. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են

Խոշոր ավտովթար Երևանում. կա 2 զոհ. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են
Հուլիս 12 10:31 2019

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 27/7 հասցեի դիմաց, բախվել են Գուրգեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի 71 NV 001 համարանիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Սմբատ Մ.-ի վարած Nissan մակնիշի 36 FD 060 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Գուրգեն Ս.-ն և Սմբատ Մ.-ն, Mercedes-ի ուղևոր՝ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ, 20-ամյա Ժորա Ա.-ն, Nissan-ի ուղևորներ՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ, 65-ամյա Ռոզա Մ.-ն, 67-ամյա Լուսինե Մ.-ն, 8-ամյա Ն. Վ.-ն, 5-ամյա Ա. Վ.-ն մամնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենաներից դուրս են բերել վիրավորներին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդներից Գուրգեն Ս.-ն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ նրա ուղևոր Ժորա Ա.-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով՝ մահացել է։ Վիրավորներից Ռոզա, Լուսինե, Սմբատ Մ-երը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ երեխաներ Ն. և Ա. Վ-երը տեղափոխվել են Իզմիրլյան բժշկական կենտրոն, որտեղ առաջինը բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ամբողջական ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալով՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Nissan-ին. իսկ Nissan-ի մեջ եղել է մի ամբողջ ընտանիք, ովքեր մեկնում էին Վրաստան՝ ամառային հանգստի։ 

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

loading...