Նույն գիշերում գողացել է ավտոմեքենաների գազի բալոնները. այլ դրվագներ են բացահայտվել


Նույն գիշերում գողացել է ավտոմեքենաների գազի բալոնները. այլ դրվագներ են բացահայտվել
Հուլիս 11 22:54 2019

Հուլիսի 10-ին, առավոտյան ժամը ութին, մայրաքաղաքի Նորաշխարհյան փողոցի մի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ գիշերը կոտրել են իրենց տան բակում կայանված «Օպելի» ապակին ու գողացել գազի բալոնը:

Ոստիկանությունից հայտնում են, որ քիչ ուշ նմանատիպ ահազանգ է ստացվել նաեւ Գոգոլի փողոցից: Տարեց մի կին հայտնում էր, որ գիշերը բակում կայանված որդու «Օպելի» ապակին կոտրել ու դարձյալ տարել են գազի բալոնը:

Մեկնել են Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երկու գողությունն էլ կատարել է Ուլնեցու փողոցի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ, որը նույն օրը, ժամը 22.30-ին, իրենց շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա հուլիսի սկզբներին Դրոյի փողոցում կայանված «Օպել Աստրա» մեքենայից գողացել է մարտկոցը: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն, որ Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքից տարբեր օրերի տարբեր մեքենաներից գողացել է եւս երեք մարտկոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը եւ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: