Արսեն Թորոսյանի «պադավատապետության» դեմ պայքարը եւ առողջապահության տեսչական մարմնի ղեկավարի հետ առկա կոնֆլիկտը. Կապ կա՞


Արսեն Թորոսյանի «պադավատապետության» դեմ պայքարը եւ առողջապահության տեսչական մարմնի ղեկավարի հետ առկա կոնֆլիկտը. Կապ կա՞
Հուլիս 11 21:34 2019

Կառավարության հուլիսի 11-ի նիստը բավականին թեժ էր: Այն իր ակտիվությամբ թեժացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը նիստի սկզբին հայտարարեց, որ ցանկանում է կառավարության օրակարգ ընդգրկված առաջին եւ երկրորդ հարցերը դառնան զեկուցվող: Նշյալ երկու նախագծերով նախատեսվում էր կառավարության ենթակա վեց տեսչական մարմիններին ծառայողական ավտոմեքենաներ տալ, որոնք սպասարկելու էին տեսչական մարմինների ղեկավարներին եւ տեսչական մարմինների վարչության պետերին: Խոսքը 91 ավտոմեքենայի մասին էր:  Արդյունքում ստացվում էր, որ տեսչական մարմնի յուրաքանչյուր վարչության պետ ունենալու էր ծառայողական ավտոմեքենա: 

Արսեն Թորոսյանի առաջարկությունն ակնհայտ էր, որ նյարդայնացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: Նրանք ամեն կերպ ջանացին, որ նախագիծն ընդունվի որպես չզեկուցվող, սակայն Նիկոլ Փաշինյանն ականջալուր եղավ առողջապահության նախարարին:

Արդյունքում կանխվեց, որ ծառայողական ավտոմեքենաների ընդհանուր քանակը Հայաստանի Հանրապետությունում աճի է 73-ով եւ  հասնի 1774-ի: Սակայն սրա համար բավականին լարված քննարկում տեղի ունեցավ: Ուշագրավ էր նաեւ այն հանգամանքը, որ այս նախագծից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէր, քանի որ առողջապահության նախարարի դիտարկումների ժամանակ նա ասում էր, որ սա տեխնիկական հարց է, մինչ, ի վերջո հայտնի դարձավ, որ ծառայողական ավտոմեքենաների թիվն է աճում Նոր Հայաստանում:

Ի դեպ, հիշեցնենք, որ ընդդիմադիր տարիներին հենց Նիկոլ Փաշինյանն էր քննադատում ծառայողական ավտոմեքենաների առատությունն ու ասում, որ Հայաստանը պետք է ունենա ընդամենը 35 ծառայողական ավտոմեքենա: Նիկոլ Փաշինյանն այդ տարիներին Հայաստանը համարում էր «պադավատապետություն»:

Արսեն Թորոսյանի այսօրվա պայքարը «պադավատապետության» դեմ առաջին հայացքից տպավորություն էր ստեղծում, որ գործադիր մարմնի ղեկավարը, որը նաեւ իշխող քաղաքական ուժի անդամ է, մտածում է պետական բյուջեի մասին: Գուցե եւ Արսեն Թորոսյանն արդար էր իր մղումներում, իսկապես նրան հետաքրքրում է հանրային միջոցները: Սակայն առանց որեւէ պնդումներ անելու հիշենք մի իրավիճակի մասին:

Նախ նշենք, որ վերոնշյալ նածագծի համաձայն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացվելու էր 10 ծառայողական ավտոմեքենա: Վերջերս կտրուկ լարվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հարաբերությունները: Խուրշուդյանի կառույցը վերջերս 250 հազար դրամով տուգանել է Առողջապահության նախարարի նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին՝ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի գովազդի համար: Արսեն Թորոսյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ դիմելու է վարչապետին՝ կառավարությանը ենթակա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնավարման հարցը վերանայելու համար:

 

Այժմ բարդ է ասել՝ Արսեն Թորոսյանի պայքարը ինչ-որ ենթատեքստ ուներ, թե՝ ոչ, որն ուղղված էր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի: Սակայն, փաստենք, որ նրա վճառականությունն այս անգամ հանրօգուտ եղավ, եթե անգամ նրա ցանկությունը նաեւ դա էր: