Տավուշում ամուսինը կնոջը կասկածել է փեսային հետ սիրային կապ ունենալու մեջ ու կտրել նրա պարանոցը


Տավուշում ամուսինը կնոջը կասկածել է փեսային հետ սիրային կապ ունենալու մեջ ու կտրել նրա պարանոցը
Հուլիս 11 20:58 2019

Տավուշի  բնակիչը մեղավոր է ճանաչվել  կնոջ պարանոցը կտրելով նրան սպանելու համար և  օրեր առաջ դատապարտվել 10,5 տարվա  ազատազրկման։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ սպանությունը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 11-ին՝ կեսօրին։  Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ամուսինների համատեղ կյանքի վերջին երեք տարիները եղել են անհաշտ. 1965թ. ծնված տղամարդը կնոջը կասկածել է իրենց փեսայի՝  դստեր ամուսնու, հետ սիրային կապ ունենալու մեջ։

Նախաքննության ժամանակ որպես կասկածյալ հարցաքննվելիս տղամարդը պատմել է, թե 1,5 տարի առաջ կնոջն ուղղված սիրային բովանդակությամբ նամակ է գտել իր տանից և երբ կնոջը հարցրել է նամակի մասին, կինը վերցրել է  նամակը և պատռել։ Դեպքից հետո կասկածել է, որ նամակի  հեղինակը համագյուղացիներից մեկն, հանդիպել է նրա հետ և պարզել, որ կնոջ և համագյուղացու միջև եղել է միայն նամակագրական կապ, սակայն ընտանիքի պատիվը չգցելու համար որոշել է չբարձրաձայնել կատարվածի մասին։ Որոշ ժամանակ հետո կնոջն  երաժշտություն լսելու համար բջջային հեռախոսի կրիչ է տվել, սակայն մի քանի  օր անց կրիչը հանելով  կնոջ բջջային հեռախոսի միջից, դրել է  ձայնարկիչի մեջ, որից հետո լսել է կնոջ և մի տղամարդու  սիրային խոսակցությունը։  

Ձայնից հասկացել է, որ տղամարդն իրենց փեսան է։ Ըստ տղամարդուն՝ կինն իրեն խոստովանել է փեսայի հետ ունեցած սիրային կապն ու խնդրել այդ մասին չպատմել երեխաներին։ Ըստ նրա վարկածի՝ հետագայում  կինն իրենից գաղտնի հանել է նշված կրիչը, ջարդել ու դեն նետել, որպեսզի ավագ որդուն ցույց չտա կնոջ և  փեսայի  ձայնագրված խոսակցությունը: Այդ ամենից հետո ամուսինների հարաբերությունները եղել են լարված վիճակում:

Դեպքի օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, տղամարդն  իջել է իր տան առաջին հարկում գտնվող լոգարանին կից նկուղային սենյակ, որտեղ այդ ժամանակ կինը  լվացք անելիս է եղել: Նա մտել է նույն նկուղային սենյակ և տեսնելով, որ իր հագուստները կինը չի լվացել, խանդի շարժառիթով, կնոջ հետ ունենալով լարված հարաբերություններ, հագուստները չլվանալը, որպես առիթ օգտագործելով վիճաբանել է  կնոջ հետ, ապա  իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածել կնոջ պարանոցին և մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Կնոջն սպանելուց հետո նա  դիմել է փախուստի: Այդ ընթացքում զանգահարել և հեռախոսով իր կատարածի մասին հայտնել է եղբոր տղային, քույրերին, ապա գնացել իրենց թաղամասի չբնակեցված առանձնատան հարակից տարածքում գտնվող բացօթյա շինություն և գիշերել այնտեղ: Հաջորդ օրը՝ մայիսի 12-ին, գնացել է ձորի ուղղությամբ, որտեղ նույն ծալովի դանակով, որով վնասել էր կնոջը, երկու ձեռքի ուժով հարվածել է իր կրծքավանդակի հատվածում՝ փորձելով ինքնասպան լինել, և վայր ընկել խոտերի մեջ, որտեղից էլ նրան տեղափոխել են Բերդի հիվանդանոց: 

Աղբյուր՝ Փաստինֆո