Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը Շիրակում ներկայացվել է հանրային քննարկման


Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը Շիրակում ներկայացվել է հանրային քննարկման
Հուլիս 11 16:47 2019

 Մինչ «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման հաստատումը, նախագիծը հանրային քննարկման է  ներկայացվել:

Նախագիծը հուլիսի 11-ին ներկայացվեց Շիրակի մարզի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպման ընթացքում Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, շնորհակալություն հայտնելով հասարակական կազմակերպություններին ակտիվ մասնակցության համարկարևորեց շահագրգիռ հասարակական կազմակերպությունների  ներգրավվածությունը՝ փաստաթղթի մշակման գործում: Փոխնախարարը ներկայացրեց հակակոռուպցիոն քաղաքականության առաջիկա տարիների  ուղղությունները, ինչպես նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը:

Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը: Ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման ենթատեքստում փոխնախարարը ներկայացրեց կոռուպցիոն հանցագործությունների քննության և այդ գործերով օպերատիվ հետախուզական միջոցառումների նախաքննություն իրականացնող մեկ միասնական մարմնի ստեղծման գործընթացը:

Մանրամասնելով Հայաստանում հակակոռուպցիոն մարմինների գործունեությունը,   Տիգրան Խաչիկյանը նշեց՝ Հայաստանում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն երկու նոր մարմին` Հակակոռուպցիոն կոմիտե եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Առաջին մարմինը զբաղվելու է կոռուպցիոն հանցագործությունների նախաքննություններով, իսկ երկրորդը` հակակոռուպցիոն կրթությամբ, պաշտոնյաների հայտարարագրերով։

Քննարկմանն անդրադարձ եղավ ռազմավարության նախագծի նպատակներն արտացոլող մի շարք այլ դրույթների ևս:

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման համատեքստում փոխնախարարը կարևորեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դերակատարման բարձրացման անհրաժեշտությունը և ներկայացրեց կոռուպցիոն հանցագործությունների քննության մեկ միասնական մարմնի ու հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծման նախատեսումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ձևավորվելիք հակակոռուպցիոն մարմնի անկախության երաշխիքներին և մի շարք այլ հարցերի:  Տիգրան Խաչիկյանը ներկաներին հիշեցրեց նաև, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ: Խորհրդի առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 12-ին` Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ:  Խորհրդի կազմում են Վարչապետը, ոլորտը համակարգող փոխվարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արդարադատության նախարարը, փոխնախարարը, ԲԴԽ նախագահը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, քաղհասարակության կազմակերպությունների 5 ներկայացուցիչ (նախկին 3-ի փոխարեն): «Հասարակական կազմակերպությունների համար նախատեսվել է ռոտացիոն կարգ՝ երկու տարվա մեջ անընդհատ փոփոխելու ռեժիմով: Միաժամանակ նաև նախատեսել ենք, որ այդ հասարակական կազմակերպությունները պիտի ունենան ոլորտի համապատասխան փորձառություն, միջազգային կազմակերպությունների հետ իրականացրած լինեն համապատասխան ծրագրեր այս ոլորտում», - նշեց Տիգրան Խաչիկյանը:

 

Քննարկումն ավարտվեց հարցուպատասխանով։ Լավագույն դիտարկումները փոխնախարարը խոստացավ անպատասխան չթողնել:

Արմենուհի Մխոյան