Արսեն Թորոսյանն առաջարկում է Վրաստան ուղևորվող ավտոմեքենաներին ստուգել գերբեռնվածության առումով


Արսեն Թորոսյանն առաջարկում է Վրաստան ուղևորվող ավտոմեքենաներին ստուգել գերբեռնվածության առումով
Հուլիս 11 13:52 2019

 Ճանապարհային երթևեկությունն անվտանգ դարձնելու նպատակով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկում է պարտադիր դարձնել գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրումը բոլոր մեքենաների վրա՝ հաշվի առնելով, որ մեքենաների մեծ մասը գազով է երթևեկում, և դրանով էր պայմանավորված Զոդի կամրջի վրա վթարի զոհերի մեծ թիվը:

 

«Առաջարկում եմ նաև Վրաստան ուղևորվող ավտոմեքենաներին սահմանային անցակետեր մտնելուց առաջ բոլորին անխտիր ստուգել գերբեռնվածության առումով: Դա թույլ կտա խուսափել շատ զոհերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստում ասաց Թորոսյանը:

 

Իր հերթին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ ժամանակն է, որ ԱՊՊԱ-ի և տեխզննման գործընթացները սինխրոնիզացվեն: «Դա ամենաարդյունավետ լուծումը կլինի, որ այն մեքենան, որ չունի նորմալ վիճակ, ապահովագրություն չստանա»,- ասաց նա:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկը դուր եկավ. «Հետաքրքիր առաջարկ է, այսինքն՝ ապահովագրական ընկերությունը տեսնի, թե ինչ մեքենայի համար է ինքը պատասխանատվություն ստանձնում: Առաջարկում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին ԿԲ-ի հետ քննարկել այդ հարցը»,- ասաց վարչապետը:

 

Սուրեն Պապիկյանը նկատեց, որ պետք է հասկանալ, թե արդյոք այդ գործառույթն ապահովագրական ընկերությունների վրա դնելով նոր, այդ թվում՝ կոռուպցիոն ռիսկեր չենք առաջացնում: