Հանրային լողափերում նկատվում է հովեկների թվի աճ

Հանրային լողափերում նկատվում է հովեկների թվի աճ
Հուլիս 11 13:01 2019

Սեւանի հանրային երեք լողափերում այս շաբաթվա սկզբից նկատվել է հովեկների թվի նկատելի աճ՝ չնայած Սեւանա լճի ջրի կանաչելու հետևանքով վտանգավոր լինելու մասին կարծիքներին: «Արմենպրես»-ի թղթակիցը հուլիսի 10-ին եւ 11-ին արձանագրել է թե՛ հովեկների ներկայությունը Սեւանի թերակղզուն հարակից հանրային լողափում, թե՛ լճի ջրի մաքրությունը, թե՛  հովեկների լողանալու փաստը:

«Մենք մայրաքաղաքից ենք, եկել ենք այսօր առավոտյան, երեկոյան էլ վերադառնալու ենք, մեր երեխաները, ինչպես տեսնում եք, հաճելիորեն լողում են միանգամայն զուլալ ջրում: Շատ հաճելի օր ենք անցկացնում: Ուշադրություն չենք դարձնում տարածված լուրերին, թե Սեւանն աղտոտված է, լողալը՝ վտանգավոր: Նման բան լիներ, կարգելեին օրենքով»,-նշեցին մայրաքաղաքից Սեւան եկած մի խումբ հովեկներ:

 
 
Реклама 15

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԿԱ առողջապահության  եւ աշխատանքի տեսչական մարմնի արեւմտյան տարածաշրջանի պետի պաշտոնակատար Անուշ Պողոսյանը, Սեւանա լճի ջուրը շեղումներ չունի, կյանքի համար վտանգավոր նյութեր չի պարունակում: «Բնական է, որ պաշտոնական տեսակետը կհաստատվի միայն լաբորատոր փորձաքննության արդյունքների հրապարակումից հետո: Սակայն կան փաստեր, որոնք հավաստում են Սեւանա լճի ջրի անվտանգ լինելու մասին: Այսպես, հուլիսի մեկից բացվել է հանգստյան սեզոնը, մարդիկ այցելել են Սեւան ու լողացել լճում: Եթե վտանգավոր բան լիներ, անցած օրերի ընթացքում անպայման մարդիկ համապատասխան գանգատներով կդիմեին բուժհաստատություններ, մինչդեռ մինչ օրս նման դեպքեր մեզ հայտնի չեն: Հիմա էլ մարդիկ շարունակում են լողալ լճում»,-նշեց Անուշ Պողոսյանը:

«Արմենպրես»-ի հետ իր կարծիքը կիսեց նաեւ «Սեւան» ազգային պարկի պահպանության բաժնի տեսուչ Արտակ Սարգսյանը: «Վերջին օրերին հանրային լողափերում հովեկների հոսքը սկսել է աշխուժանալ: Հիմա լճի ջուրը լրիվ զուլալված է, կապտականաչ ջրիմուռները նահանջել են, ջրի ինքնամաքրում է տեղի ունենում: Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե կովերը սատկել են Սեւանա լճի ջուրը խմելուց հետո, դա հորինվածք է, քանի որ եթե դրանք թունավորվեին լճի ջրից, ապա մենք գործ կունենայինք ոչ թե մի քանի տասնյակ, այլ մի քանի հազար գլուխ անասունների հետ, որոնք ամեն օր ջրվում են լճի ջրով: Համոզված եմ, որ առաջիկա օրերին մեր լողափերում շատ կլինեն հովեկները»,- տեղեկացրեց Արտակ Սարգսյանը:

Խոսրով Խլղաթյան

loading...