ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Բելառուս


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Բելառուս
Հուլիս 10 23:44 2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք  ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին:

 

Նիստի ընթացքում քննարկման հիմնական առարկա են հանդիսանալու ակտիվների վերադարձման ոլորտում միջազգային համագործակցության մեխանիզմների կատարելագործման, Միջպետական խորհրդի մասնակից երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի պրակտիկան և արդյունքները, փորձի և տեղեկատվության փոխանակումը: Բացի այդ, կվերլուծվեն ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կողմից ընդունված նախկին որոշումների, հակակոռուպցիոն պայքարում Միջպետական խորհրդի մասնակից երկրների համագործակցության կոնցեպցիայի, ինչպես նաև հանցավորության դեմ համատեղ միջոցների 2019-2023թթ. միջպետական ծրագրի իրականացման արդյունքները:

Նախատեսվում է նաև ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահության փոխանցման և նոր քարտուղարության որոշման հարցերի քննարկումը:

 

Արթուր Դավթյանը, ով անցնող տարվա ընթացքում ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահն էր, հանդես կգա ելույթով:

 

 Այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը հանդիպումներ կունենա ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ստեղծման պայմանագրի երկրների պատվիրակությունների ղեկավարների, գլխավոր դատախազների հետ:

 

ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության նախագահների կողմից՝ 2013թ. հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված համաձայնագրի հիման վրա: Այն կոչված է կոորդինացնելու կոռուպցիայի համատեղ հակազդմանն ուղղված աշխատանքները, դիտարկման ենթարկելու անդամ-երկրների՝ այս ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, համագործակցելու միջազգային համապատասխան կառույցների հետ: Խորհրդի նպատակներից են կոռուպցիայի հակազդման առաջնային ուղղությունների հստակեցումը, հակակոռուպցիոն համատեղ ծրագրերի իրականացումը, տեղեկատվության ակտիվ փոխանակումը և այլն: