Թուրքիայի ԱԳՆ.«ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունը հակասում է Թրամփ-Էրդողան հանդիպման ոգուն»


Թուրքիայի ԱԳՆ.«ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունը հակասում է Թրամփ-Էրդողան հանդիպման ոգուն»
Հուլիս 10 21:04 2019

Ռուսաստանի կողմից առաջիկա օրերին Թուրքիային մատակարարվելիք S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են լարված մնալ։

Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից Թուրքիային արված նախազգուշացմանը:

Արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը գրավոր պատասխանել է  S-400-ների մատակարարմանն անդրադարձած ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսին:

Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած գրավոր հայտարարության մեջ նշվում է.

«ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի խոսնակի հայտարարությունը` կապված S-400 համակարագերի մատակարարման հետ, չի համապատասխանում G-20 գագաթնաժողովի ընթացքում մեր նախագահի (խմբ.`Էրդողան) և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացած հանդիպման բովանդակությանը և ոգուն:

Ակնհայտ են այն պայմանները, որոնք Թուրքիային հանգեցրել են ստանալ S-400 համակարգերը: Նախագահ Թրամփը ևս այդ մասին հաստատել է G-20-ի գագաթնաժողովում և հստակ ասել, որ  արդարացի վերաբերմունք չի ցուցաբերվել հենց ԱՄՆ-ի կողմից:

Մենք ի սկզբանե այս գործընթացն իրականացրել ենք թափանցիկորենլ: ԱՄՆ-ի մտահոգությունները փարատելու համար առ այն, որ S-400 համակարգերը կարող են վնասել F-35 համակարգերին, մենք անգամ առաջարկել ենք աշխատանքային խումբ ստեղծել, որում կարող է ներգրավվել նաև ՆԱՏՕ-ն: Սակայն  մեր այդ առաջարկը դեռ մնացել է անպատասխան»:

Աղբյուր`  ermenihaber.am