Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են ГАЗ 2110-ն ու ВАЗ 2101-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր


Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են ГАЗ 2110-ն ու ВАЗ 2101-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
Հուլիս 9 21:04 2019

Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ թունելի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 2410 մակնիշի 35 DA 961 համարանիշի և ВАЗ 2101 մակնիշի 35 ԼN 149 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Փրկարարները ВАЗ 2101-ի միջից դուրս են բերել մահացածի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է ՝ վարորդը ավտոմեքենան վարելու ժամանակ գիտակցությունը կորցրել է, սրտի կաթված է ունեցել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: «Սա վարկած է»,- դեպքի վայրում ասում էին հավաքվածները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: