Դավիթ Անանյանը Գյումրիում մաքսատուն կառուցելու ծրագրի մասին


Դավիթ Անանյանը Գյումրիում մաքսատուն կառուցելու ծրագրի մասին
Հուլիս 1 15:57 2019

Ժամանակի ընթացքում Երևանից մաքսային ձևակերպումները դուրս են գալու, ունենալու ենք հյուսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով Գյումրիում մաքսատուն կառուցելու ծրագրի մասին:

«Իսկ ո՞վ է ասել, որ հանձնարարականը չի կատարվում: Վարչապետը ԱԺ-ում ասել է, որ Գյումրիում կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որը իրականացնելու է ընդգրկուն գործարքներ: Մեկնարկը տրվել է, պրոցես է գնալու, մի քանի ամիսների ընթացքում չի լինելու, դա կլինի տարիների ընթացքում: Ժամանակի ընթացքում Երևանից մաքսային ձևակերպումները դուրս են գալու, ունենալու ենք հյուսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ: Պետական գործառույթները կենտրոնանալու են մեկ տանիքի ներքո»,- ասաց Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ հյուսիսային կենտրոնի՝ Շիրակի, վայրն ընտրվել է: «Եթե Երևանում չի լինելու ավտոմեքենայի մաքսատուն, լինելու է Գյումրիում՝ ավելի մեծ գործառույթներով: Սրանով չի՞ կատարվում վարչապետի հանձնարարականը: Ֆինանսական միջոցները, հավանաբար, կլինեն դոնորների, գրանտային միջոցների հաշվին: Կա նախնական հաշվարկ, որ 19-ից 21 միլիոն դոլարի շրջանակներում կլինեն միջոցները»,- նշեց Անանյանը:

ՊԵԿ նախագահը նկատեց, որ ներկայումս ավտոմաքսատան հերթերը կառավարվում են, բայց մեքենաների ծավալները մեծանում են: