«Փաշինյանը շատ լավ, ընտիր մարդ է, բայց արդյունք չկա»․ անօթևան եղվարդցիները շարունակում են գիշերել Կառավարության դիմաց


«Փաշինյանը  շատ լավ, ընտիր մարդ է, բայց արդյունք չկա»․ անօթևան եղվարդցիները շարունակում են գիշերել Կառավարության դիմաց
Հունիս 28 16:44 2019

Արդեն չորս օր է` Եղվարդի Երևանյան խճուղու 11-րդ շենքից վտարված 30 ընտանիքների մի մասը Կառավարության շենքի առջև են: Նրանք հույս ունեն հանդիպել վարչապետին, որը կլուծի իրենց՝ օթևան ստանալու խնդիրը: Եղվարդցիների խոսքով` կարմիր բերետավորները իրենց բռնությամբ և անգամ ծեծով են իրենց դուրս են հանել շենքից: Ինչպես հայտնի է, երեկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ անօթևան մնացած եղվարդցիների խնդրին՝ նշելով՝ քաղաքացիները պարզապես ներխուժել են այդ տարածք և շուրջ մեկ տարի ապրում են այնտեղ։ Մարզպետի խոսքով՝ այդ տարածքը հանրակացարանային շենք չէ, այլ արտադրական տարածք։ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողերի հետ զրույցում վստահեցրել էի՝ այս ընթացքում բազմաթիվ անգամ բանակցել են այդ հասցեի բնակիչների հետ։ «Փոխհատուցելու բավականին տարբեր ծրագրեր ենք առաջարկել, այդ թվում՝ համայնքի ղեկավարը պարտավորվել է թիրախային, կետային լուծումներ առաջարկել այդ ընտանիքներին՝ մի մասի համար պետական հաստատությունները պետական բալանսից խնդրելու և համայնքային բալանս բերելու և բնակֆոնդի մեջ ներառելու տեսքով։ Բայց վտարման ենթակա այդ 6 ընտանիքները որևէ կոմպրոմիսի չեն գալիս և պնդում են, որ ուզում են ապրել այդ տարածքում։ Ցավոք, քանի դեռ սոցիալական շինարարություն չունենք, այդպիսի ընտանիքներին բնակարոնվ ապահովվելու որևէ գործիքակազմ չկա», - նշել էր մարզպետը։ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել էր, որ վերոնշյալ 6 ընտանքներին 6 ամիս ժամանակ էր տրվել տարածքն ազատելու տարածքը, ևս 6 ամիս իր միջնորդությամբ է ավելացվել։ Ընդհուպ, այդ մարդկանց առաջարկել են 2-3 ամսվա վարձավճար տրամադրել, սակայն դրան ևս չեն համաձայնել։ Հարցին՝ ճի՞շտ է, որ վտարման գործընթացի ժամանակ ոստիկանները Եղվարի Երևանյան խճուղի 11 հասցեի բնակիչների նկատմամբ ուժ են կիրառել, ծեծել վերջիններիս, Կոտայքի մարզպետը հավաստիացրել էր՝ ծեծի դրվագ չի եղել։ ArmDay.am-ի հետ զրույցում Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անողներից մեկն ասաց՝ մարզպետի օգնականն իր աչքով է տեսել՝ վտարման գործընթացը, ծեծը։ Խոսելով մարզպետի հայտարարության մասին՝ քաղաքացին ասաց՝ «սուտի խոսակցություններ են»։ Քաղաքացին պնդեց՝ կարմիր բերետավորները իրենց ծեծի են ենթարկել, ապացույցներ էլ կան, ապա ավելացրեց՝ իրենց հետ քննարկումներ չեն եղել, միայն ասել են՝ պատրաստ են երկու ամսվա համար տան վարձ տալ։ «Մենք ուզում ենք Նիկոլ Փաշինյանը մեզ ընդունի։ Ինչքա՞ն պիտի մեր երեխեքով այս վիճակում մնան։ Երկու ամիս որ մնանք վարձով, բա հետո որտե՞ղ մմնանք։ Ես մեկ տարի, երկու ամիս է, ինչ այդտեղ եմ ապրում, բայց այնտեղ մարդիկ կան, որ մոտ 18 տարի ապրել են, կումունալ վճարումներ են արել, սակայն նրանց էլ են դուրս արել․․․», - ասաց անօթևան եղվարդցին՝ նշելով՝ իրենց միջոցներով այդ շենքը բարեկարգվել է, արելու համար հարմար պայմաններ են ստեղծվել, իսկ հիմա, փաստորեն, իրենք հայտնվել են դրսում։ Մեր զրուցակիցը նշեց՝ հիասթափված են։ «Նիկոլ Փաշինյանը վատը չէ, շատ լավ մարդ է, տեսել ենք՝ շատ ընտիր մարդ է, բայց արդյունք չկա», - ասաց քաղաքացին։ Մեկ ուրիշ քաղաքացի էլ ասաց՝ այնքան էլ վիրավորված, որ անտեսված են մնացել, որ պատրաստ են քաղաքացիությունից էլ հրաժարվել։ «Թող մի ավտոբուս տան, գնանք էս երկրից, քաղաքացիությունից էլ հրաժարվենք, պրծնենք», - ասաց քաղաքացին։