Անշարժ գույքի վաճառքը նվազել է


Անշարժ գույքի վաճառքը նվազել է
Հունիս 28 15:34 2019

Անշարժ գույքի շուկայում մայիսին պասիվացում է դիտարկվել։ Նախորդ ամսվա համեմատ նվազել են ինչպես օտարման, այնպես էլ առք ու վաճառքի գործարքները։

Պաշտոնական տվյալներով, մայիսին անշարժ գույքի ոլորտում իրականացվել է 5708 օտարման գործարք, ապրիլի 6020-ի դիմաց։ Օտարման գործարքները նվազել են 5,2 տոկոսով։ Անկումը ավելի մեծ է Երևանում`8,6 տոկոս։

Նախորդ ամսվա համեմատ կրճատվել են նաև առք ու վաճառքի գործարքները։ Մայիսին Հայաստանում 4,9 տոկոսով ավելի քիչ գույք է վաճառվել, քան ապրիլին։ Երևանում անշարժ գույքի առք ու վաճառքը կրճատվել է 10,6 տոկոսով։

Իհարկե պատկերը բոլորվին այլն է, երբ շուկայի զարգացումները դիտարկում ենք մեկ տարվա կտրվածքով։ 2018թ. համեմատ բավական ակտիվ աճ կա ինչպես օտարման, այնպես էլ առք ու վաճառլի գործարքների դեպքում։ Եթե օտարման գործարքներն ավելացել են 11,8, ապա առք ու վաճառքինը` 11,5 տոկոսով։

Բայց դա դեռ չի նշանակում, թե անշարժ գույքի շուկայում էական տեղաշարժեր են գրանցվել։ Անցած տարվա քաղաքական գործընթացներն իրենց ուղղակի ազդեցությունն են ունեցել արձանագրված աճի ցուցանիշների վրա։ Իշխանափոխության շրջանում անշարժ գույքի շուկան հասցրեց բավականաչափ պասիվանալ, ինչն էլ նպաստել է այս տարվա ցուցանիշների բարելավմանը։