Հարբած տղամարդը հայհոյել է կանգառում կանգնած աղջկան, ապա՝ դանակահարել իրեն դիտողություն արած 20-ամյա երիտասարդին


Հարբած տղամարդը հայհոյել է կանգառում կանգնած աղջկան, ապա՝ դանակահարել իրեն դիտողություն արած 20-ամյա երիտասարդին
Հունիս 26 00:10 2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 20-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն:

2019թ. մայիսի 31-ին քաղաքացուց՝ ծնված 1998 թվականին, հաղորդում է ստացվել այն մասին, որ նախորդ օրը Կոմիտաս պողոտայի կանգառներից մեկում իրեն դանակահարել են:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: 20-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1987 թվականին:

Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ 32-ամյա բնակիչը Կոմիտաս պողոտայում գտնվող սուպերմարկետին հարակից կանգառում, ալկոհոլ օգտագործած վիճակում, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել կանգառում կանգնած աղջկա հասցեին, ինչի կապակցությամբ 20-ամյա երիտասարդը նրան դիտողություն է արել:

32-ամյա տղամարդը ցավագին է ընդունել երիտասարդի կողմից արված դիտողությունը և վերջինիս հայհոյել ու իր մոտ գտնվող սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է նրա կրծքավանդակին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:



loading...